Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի անդամ, Շիրակի մարզից ԱԺ պատգամավոր ընտրված Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանին, քանի որ վերջինս ՀՅԴ-ին մեղադրել է Շիրակի մարզն ավիրելու ու երկիրը թալանելու մեջ։ Ի վերջո՝ բանը հասել է վիրավորանքների։ Խաչատրյանը կուսակցությանն ուղղված մեկնաբանությունը համարել է անձնական վիրավորանք՝ Սոֆյա Հովսեփյանին մեղադրելով զրպարտանքի մեջ։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ ինքն Արթուր Խաչատրյանի հետ խնդիր չի ունեցել, ավելին՝ այսօր էլ չունի, իսկ խոսքն ուղղված է եղել ոչ թե նրան, այլ որոշ մարդկանց․ «Փաշինյանին կոպիտ ու գռեհիկ բառերով վարկաբեկող՝ դաշնակցականներից մեկի գրառման տակ անդրադառնալով վերջիններին՝ նշել եմ, թե ինչպես կեղեքեցին մարզը: Սակայն, բացարձակ հարգանքով եմ վերաբերվում այդ մարդուն և ափսոսում եմ, որ այդ կուսակցության մեջ է և կուսակցության հանդեպ տածած հարգանքս պայմանավորված է միայն Խաչատրյանի անձով։ Ես իրեն համարել և համարում եմ լավագույն մարզպետներից մեկը, ում հրաժարականի համար ափսոսացել եմ։ Ես իրեն բացատրել եմ, որ դա բացարձակ իր հետ կապ չունի, ինքը կարդացել էր և այլևս չենք շարունակել, ինչպես հասկացա՝ Երևանում չէր, երբ գա՝ ինչպես մեծ մարդիկ՝ կքննարկենք»,- նշեց նա:

Թալանին վերաբերվող իր հայտարարությունները մեկնաբանելով՝ Հովսեփյանն ասաց, որ թեև այս պահին չի պատրաստվում խոսել, սակայն երբ ժամանակը գա և նպատակահարմար գտնի՝ բոլորն այդ մասին կիմանան: 

«Խոսքս վերաբերում է ոչ թե կուսակցությանը, այլ դրա մեջ գտնվող այն անձանց, ովքեր գաղափարախոսությունը, որը համարվում է լավագույններից մեկը, օգտագործում են կուսակցության մեջ լինելու ու սեփական շահին ծառայեցնելու համար: Ես մնում եմ իմ համոզմանն, ինչից իրենք նեղվել են։ Շատ ուրախ կլինեի, որ իրենք հետաքննություն անեին ու հասկանային՝ ովքեր են այն մարդիկ, որոնք արատավորում են իրենց կուսակցության գաղափարախոսությունը։ Կուզեմ, որ մտնեն, Արագածոտնի մարզում հարցում անեն նախկին մարզպետի, Շիրակի մարզում՝ Արթուր Խաչատրյանից առաջ եղած մարզպետների հետ կապված։ Այնպես չէ, որ իրենք դրա մասին չգիտեն»,- ասաց նա։ 

Անդրադառնալով Խաչատրյանի կողմից զրպարտանքի մեղադրանքներին ու դատարանում հանդիպելու առաջարկին, Հովսեփյանն ասաց՝ այդ հարցում ևս խնդիր չի տեսնում․ «Իմ գործն ավելի կհեշտացնեն, եթե դիմեն դատարան։ Ես ինչո՞ւ դիմեմ, երբ ֆեյսբուքում բանավիճելիս մարդիկ կարող են ինչ-որ բաներ խոսել և սրացնել։ Դա ընդամենը ֆեյսբուքի խոսակցություն էր և ես շեշտել եմ, որ խոսում եմ որպես Սոֆյա, ոչ թե՝ քաղաքական գործիչ։

Շատ հարցեր կան, որոնք պետք է բարձրաձայնվի, որին պատրաստվում էի՝ անկախ այս խոսակցությունից։ Շատ հարցերի պետք է անդրադառնամ, որը գնալով, պետք է զուգորդվի այն ժամանակահատվածի հետ, որ հենց իրենք են ղեկավարել»,- եզրափակեց Հովսեփյանը։

Սոնա Հարությունյան