ՀՀ մարզպետների ինքնախրախուսման թեման շարունակում է մնալ հանրային օրակարգում, կրքերը, ինչպես ասում են՝ չեն հանդարտվում: Երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էր պաշտպանել թիմակիցների պարգևատրումները: «Ես կարծում եմ, որ այս դիսկուրսում ամբողջությամբ անտեսվել է պաշտոնյաների՝ աշխատանքային ժամերից դուրս կատարած աշխատանքը։ Իսկ արդյո՞ք քաղ. հասարակությունը կամ լրագրող հանրությունը տեղյակ է, որ ՀՀ կառավարության գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները (այդ թվում մարզպետերը) միջինը օրական 12-14 ժամ աշխատանքային գրաֆիկով են ապրում, չհաշված շաբաթ-կիրակիները»-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աղաջանյանը:
 
Այսօր էլ նույն թեզն է առաջ տարել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Վերջինս էլ համոզված է, որ մարզպետների պարգևատրումը լրիվ նորմալ երևույթ է, քանի որ մարդիկ մինչև ուշ գիշեր աշխատում են: Իր կադրերի պաշտպանությամբ հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում: Եթե կարճ փորձենք փոխանցել վարչապետի հիմնական մեսիջը, ապա պետք է նշել, որ Փաշինյանը կարող էր սահմանափակվել ընդամենը մեկ պաթոսախառն նախադասությամբ՝ կեցցեն պարգևատրված չինովնիկները:
 
Ի՞նչ է ստացվում՝պաշտոնյաներն անքուն գիշերներ են լուսացնում մեզ նման անշնորհակալների համար կեղեքվելով, իսկ մենք օբյեկտիվ չենք: Իսկ արդյո՞ք օրը 14 ժամ աշխատող պաշտոնյաներին հետաքրքրում է, թե ինչու իրենց աշխատանքը, ջանքն ու եռանդը չեն գնահատվում: Այն պարզ պատճառով, որ այդ աշխատանքը հանրությանը որևէ պրակտիկ օգուտ չի բերել, որևէ գործնական տեղաշարժի չի հանգեցրել, էլ չենք խոսում կյանքի որակի փոփոխությունների, սոցիալական բեռի թեթևացման մասին: Եվ զայրույթը, որն այսօր օբյեկտիվորեն առկա է հանրության մի ստվար շրջանակի մոտ իրականում պայմանավորված է հենց այդ գործոնով…Ինչպես Սթիվ Ջոբսն էր ասում՝ աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով...