Երեկ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու նպատակով: Այսօր Քննչականը ևս մեկ հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը։ Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած հոդվածում էլ նշվում է, որ Հայաստանը վերսկսել է խորհրդարանի նախկին պատգամավոր եւ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գործով քննությունը:
 
Ինչպես երևում է՝ հասարակությունը ականատես է լինելու «բռնոցի-բացթողոցի»-ի երկրորդ արարին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ առկա քրեական գործերը, որոնցով անցնում են նախորդ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, մեղմ ասած, փակուղի են մտել, մեղադրյալների մի ստվար հատված երկրից բառի բուն իմաստով ճողոպրել է, մյուսների քրեական գործերում էլ մեծամասամբ ջուր է:
 
Հետևաբար, շտապ պետք է հանրությանը էյֆորիայի նոր դոզա ներարկել: Այլ հարց է՝ դա կտա՞ իր արդյունքը, թե՝ ոչ: Բանն այն է, որ առկա խնդիրների կուտակումը մեկ կամ երկու ամիս անց հանգեցնելու է նրան, որ մարդիկ ավելի մասսայաբար են դիմելու Փաշինյանի նախընտրած մեթոդին՝ փողոցային ակցիաներին, ցույցերին: Պատճառն էլ այն է, որ մարդկանց համար արդեն միևնույնն է՝ ով է հայտնվում բանտում, քանի որ դրանից անգամ բյուջեն չի շահում, ասել է թե՝ «բռնոցի-բացթողոցի» խաղալու փոխարեն ավելի ճիշտ կլիներ առկա խնդիրների լուծման գործնական ուղիներ որոնելը, ինչքան շուտ՝ այնքան լավ…