«Ժառանգությունը» Երեւանի ավագանու ընտրություններին իր մասնակցության ցուցակը կներկայացնի ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին: Այս մասին այսօր' մարտի 18-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իրենք փորձել են ավելի մեծ դաշինք կազմել, բայց ամենատարբեր պատճառներով դա չի ստացվել: Իսկ «Ժառանգության» ցուցակում կլինեն ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ հասարակական սեկտորից, քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ: «Տարբեր կուսակցություններ ունեն իրենց շահերը: Այն ուժերը, որոնք նախկինում գտնում էին, որ ընտրություններին չպետք է մասնակցեն, հիմա վերանայել են իրենց մոտեցումը եւ մասնակցում են, մենք եւս կմասնակցենք,եւ մեր մասնակցությունը կլինի որոշիչ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ի դեպ, արդեն 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ իրեն նորմալ է զգում, գիշերը մի քիչ ցուրտ էր: Նա տեղեկացրեց, որ երեկ գիշեր մի սադրիչ մոտեցել է, փորձել վեճ հրահրել, հայհոյել, սակայն ներկաները սառնասրտություն են ցուցաբերել, եւ նա ոստիկանների ուղեկցությամբ նստել է տաքսի եւ հեռացել: Այնուհետեւ հրապարակում հավաքվածները պարզել են, որ նա Աբովյանի «ջրի մարդն է»: