Մոսկվայից վերդառնալուն պես վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց խորհրդակցության՝ ՊՆ ղեկավար կազմի և ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի հետ: Ուշագրավը թերևս այն է, որ վարչապետի վերադարձը վրիպեց հանրության ուշադրությունից: Ակնկալվում էր, որ Փաշինյանը կմեկնի նաև Սինգապուր, սակայն, ըստ երևույթին, նրան Երևանում ավելի կարևոր գործեր էին սպասում:

ՊՆ-ում հրավիրած խորհրդակցությունը շատերը կապեցին Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպման, Բոլթոնի հետ հայտնի հեռախոսազրույցի, Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետին ցուցաբերած սառը ընդունելության հետ: Թեև Փաշինյանը պնդում է, որ Ալիևի հետ հանդիպումը պլանավորված չէր և ընդամենը ճանաչողական բնույթ ուներ՝ քաղաքական հոռետեսներ, ինչու ոչ՝ նաև իրատեսները այլ կարծիքի են:

Գուցե Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումն այնքան անպտուղ չի անցել, ինչպես փորձում է ներկայացնել ՀՀ վարչապետը և արդյունքում զինված ուժերի ղեկավարության հետ քննարկելու հարցեր են ի հայտ եկել: