Վերջին օրերին համացանցում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակտիվիստները, իմքայլականները ակտիվորեն տարածում են 45 կետից կազմված մի հաշվետվություն, որով փորձում են համոզել դժվարահավատներին, թե երկրում իրավիճակ է փոխվել: Եթե այդ հաշվետվությունը ակտիվիստներին և թիմակիցներին «վերևներից» են հրահանգել տիրաժավորել, ապա դա շատ մտահոգիչ է. ստացվում է՝ պետական համակարգում այս ինը ամիսների ընթացքում չի կատարվել քիչ թե շատ լուրջ քայլ, որն առանց ամաչելու հնարավոր կլիներ հրամցնել հանրությանը՝ ստիպված յոլա են գնում նման բաժակաճառ հիշեցնող հաշվետվությամբ: Իսկ եթե 45 կետերի հեղինակները պարզապես ցանկանում էին իներցիայով վարչապետի «աչքը մտնել», պետք է փաստել՝ նրանց մեգա-պոպուլիստական արարքը տվել է ամբողջովին հակառակ էֆեկտը:
 
Եվ այսպես՝ պարզվում է՝ իրավիճակ է փոխվել, որովհետև Բաղրամյան 26-ի դռները բացվել են ժողովրդի առաջ: Դասականը կասեր՝ «յա իրո՞ք»: Միակ «բայցը» այստեղ թերևս այն է, որ ժողովուրդը ոնց կեղեքվում էր հարկերի և սոցիալական բեռի տակ Բաղրամյան26-ի փակ դարպասների դեպքում, նույնչափ էլ կեղեքվում է բաց դռների պարագայում: Իրավիճակը ո՞ւմ համար է փոխվել:
 
Իրավիճակ է փոխվել, քանի որ կենսաթոշակառուներին կտրամադրվեն մշակութային միջոցառումների անվճար տոմսեր: Կենսաթոշակառուների անունին թույլ կտանք մեզ կասկածի տակ դնել այս փոփոխության որակական բաղադրիչը, քանի որ պարծենալու շատ ավելի լուրջ առիթ կլիներ կենսաթոշակառուների կենսաթոշակները բարձրացնելը, քանի որ հոգևոր սնունդը գոյատևելու համար բավարար պայման չէ:
 
Պարզվում է նաև, որ այս ամիսների ընթացքում վերացել է տնտեսական մենաշնորհը՝ ալյուրի շուկան, համապատասխան օլիգարխների կողմից պարբերաբար բարձրացվող գները դրա վառ վկայությունն են: Վերացել է նաև համակարգային կոռուպցիան, թերևս փոխարինվելով համակարգային անխնա պարգևատրման ինստիտուտով՝ իհարկե վերոնշյալ կենսաթոշակառուների կենսաթոշակների հաշվին, որոնք կարող էին բարձրացվել, եթե մի քանի չինովնիկի չտեսությունն ու «գյոռմամիշությունը» նրանց պետականամետ մտածելակերպից բարձր չգտնվեր: Պարզվում է նաև, որ քննչական մարմինները աշխատում են անկաշկանդ՝ հայտնի գաղտնալսումը դրա մասին կվկայի իհարկե:
 
38․000-ով ավելացել է գրանցված աշխատողների թիվը, որի մեջ են մտնում նաև այն մարդիկ, ովքեր դադարել են «ստվերում» աշխատել։ Իսկ թե որքան մարդ է շարունակում ստվերում աշխատել՝ այս հարցի պատասխանը իշխանությունները ունե՞ն, թե՞ նրանք անգամ չեն էլ պատկերացնում Հայաստանում առկա ստվերի մակարդակն ու սահմանները:
 
Երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցություն ունենալու բոլոր լծակներից։ Գուցե, սակայն ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում, արդեն իսկ ուրվագծվում են նորաթուխ օլիգարխներ կամ, համենայն դեպս, օլիգարխիկ հակումներ ունեցող երիտասարդներ, որոնք մոտ ապագայում ՝ հաշվի առնելով նրանց ախորժակը կստվերեն երբեմնի օլիգարխներին:
 
Բացառվել է պատմամշակությաին հուշարձանների քանդումը։ Այո, այսօր նրանք քանդվում են սեփական նախաձեռնությամբ՝ պատկան մարմինների հանցավոր անգործության պայմաններում: Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աստճանը աննախադեպ ցածր մակարդակի վրա է և ուշադրություն՝ ոստիկանությունը մասնակցում է երկրի սահմանների պաշտպանությանը: Թվում էր, թե նման աննախադեպ հանգիստ պայմաններում ո՞րն էր ոստիկաններին սահման ուղարկելու նպատակը…
 
Թերևս կարիք չկա կետ առ կետ անդրդառնալ այս հաշվետվությանը, ինչպես ասում են՝ ամեն ինչ այսպես էլ է պարզ...