«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ Արմեն Նազարյանը: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Արմեն Նազարյանը ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելն առանձնապես խոշոր չափերով) նախատեսված արարք կատարելու համար: Նա նախկինում դատապարտված է եղել 6 անգամ։

Նավիկյանը տեղեկացրեց նաև, որ հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 11:30-ին, դատապարտյալի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրվել է շտապօգնության խումբ, սակայն հոսպիտալացվելու հորդորը Արմեն Նազարյանը մերժել է: 

«Նույն օրը երկրորդ անգամ՝ ժամը 22:33-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, ժամանած շտապօգնության խումբը 23։00-ին արձանագրել է Արմեն Նազարյանի կենսաբանական մահը։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,- փոխանցեց Նավիկյանը։