ՀՀ տարածքում հունվարի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Գավառ, Ճամբարակ, Շիրակի մարզի Մարալիկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները: Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով: