Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելուց հետո մարզպետի պաշտոնը թափուր է մնացել։ Տեւական ժամանակ է Շիրակի մարզում, որպես մարզպետի հավանական թեկնածուներ խոսվում է փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի, ինչպես նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հնարավոր նշանակման մասին։

Սակայն Irakanum.am ունեցած տեղեկություններով, վերը նշված անձինք մարզպետի պաշտոնում չեն նշանակվելու։ Միաժամանակ տեղեկություններ կային, որ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով մասնակցած ու զգալի ձայներ՝ 4541 քվե ստացած Տիգրան Պետրոսյանը։ Հնարավոր այս նշանակումը եւս իշխանական մեր աղբյուրները հերքում են։

Շիրակի մարզպետի նոր թեկնածուի անուն է շրջանառվում իշխանական կուլիսներում։ Խոսքը Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Լեւոն Վահրադյանի մասին է։ Վերջինս ծնունդով Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է։ Վահրադյանը նախարար էր նշանակվել ԲՀԿ քվոտայով։