«Քանի որ մեր իշխանությունները հայկական և պետականամետ չեն և այլ պետությունների կամ իրենց անձնական շահերն են պաշտպանում, այսքանից հետո տհաս պետք է լինի մարդ, որ չհասկանա՝ ուժը միասնության մեջ է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ՝ նոր թափ ստացած բանակցային գործընթացին: 

Ըստ Ավետիսյանի՝ պետական դավաճանություն է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, թե չպետք է հայաստանյան իշխանությունները «քիթները խոթեն Արցախի ներքին գործերի մեջ»:

-Միգուցե նա նկատի ուներ տարածքների հանձնման վերաբերյալ անընդհատ շոշափվող թեմանե՞րը, որտեղ մատնանշվում է Նիկոլ Փաշինյանի դերը:

-Ոչ ոք իրավունք չունի տարածքներ հանձնել: Այդ հանձնողները հայեր չեն, կապ չունի, որ յան-ով են ավարտվում ազգանունները, նրանք խաբում են ժողովրդին:

-Նրանք՝ ովքե՞ր:

-Իշխանությունները: Եթե Փաշինյանի իշխանությունն ասում է, որ պետք է հողեր հանձնեն, ուրեմն նրանք դավաճաններ են: Իսկ ի՞նչ են անում տարածքները չհանձնելու համար՝ ոչինչ: Իսկ ի՞նչ պետք է անեն չհանձնելու համար՝ պետք է բանակը հզորացնեն, պետք է Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գողացած գումարները հետ բերեն, ի՞նչ Արցախ հանձնելու մասին է խոսքը: Շատերն ասում են, որ Արցախը հանձնենք՝ խաղաղ կապրեն, է 100 տարի հետո բա որ մի հատ էլ պատերազմ լինի, էդ ժամանակ էլ Սյունիքն ենք հանձնելո՞ւ, էդպես մինչև ե՞րբ: Մենք ոչ մի բան էլ չունենք հանձնելու:

-Իսկ Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ բանակցային այնպիսի դաշտ ստեղծել, որն այընտրանք չի թողնի, քան տարածքներ հանձնելն է: 

-Իհա՛րկե ոչ, նա հողեր հանձնելու լիազորություն չունի, ինչ ուզում են՝ անեն, թե հիմա Արցախի իշխանությանը կճնշեն, թե ինչ կանեն՝ նրանք իրենց ուզածին չեն կարող հասնել. մենք միասնական ենք լինելու: Նաև ժողովուրդն է նրան ընտրել ու բերել իշխանության, ժողովուրդն էլ որոշելու է, թե ինչ է լինելու: Իսկ ժողովուրդը դեմ է տարածքների հանձնմանը:

-Բայց չէ՞ որ ժողովուրդն իր որոշումը վաղուց է կայացրել, էլ ի՞նչ նոր որոշելիքի մասին է խոսքը: Փաշինյանն Ալիևի հետ է հանդիպում, որից հետո Բոլթոնն է զանգահարում, և այս կոնտեքստում Արցախյան հարցը դիտավորյալ մղվում է 2-րդ պլան և ներկայացվում իբրև տարածաշրջանային անվտանգույթան հարցերի շուրջ քննարկում:

-Ինչ ասեմ, կարող ա հանդիպել իրար հետ սուրճ են խմել, ծանոթացել են: Նրանք կարող են որպես անհատներ հանդիպել և զրուցել: Բայց Արցախի հարցը ոնց ուզում են, թող շոշափեն, Արցախը Հայաստանի մաս է և վե՛րջ: Չկան գրավյալ տարածքներ. դրանք 2-3 հազար տարվա ազատագրված տարածքներ են եղել:

-Ըստ Ձեզ՝ մենք այսօր կանգնա՞ծ ենք տարածքների հանձնման խնդրի առաջ:

-Իհարկե, կան պետություններ, որոնց ղեկավարները փորձում են իրենց շահերի համար այս իրավիճակն օգտագործել, սակայն չենք կարող ասել, թե այդ պետությունները որոշակի հայտարարություններ անում են պարզապես ասելու համա՞ր, թե՞ իրոք նպատակ ունեն տարածքներ հանձնել: 

-Իսկ Արցախի տարածքային ամբողջականության խնդրի հարցում ինչո՞վ են տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները:

-Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես պետական գործիչ և նախագահ՝ պետական քանդիչ է համարվում, պետության քանդման հիմը դրել է Տեր-Պետրոսյանը, մեր պետությունը նա է քանդել, նա մեր գործարանները քանդեց ու կոպեկներով սեփականաշնորհել տվեց: Պարոն Փաշինյանի մասով զուգահեռներ՝ չգիտեմ, թե ինչպես կարող եմ տանել: Բայց, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների կրողը լինի քանդման կամ հողեր հանձնելու մասով, վստահ ասում եմ՝ ով ուզում է լինի՝ դավաճան է ուրեմն: 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ