ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկվի։ Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե հույս կա՞, որ Թեղուտի հանքը կվերագործարկվի, նա դրական պատասխան տվեց:

«Այո, հույս կա, որևէ բան չի խանգարում, որ բանկի հետ հարաբերությունները պարզելուց հետո անցնեն վերականգնողական աշխատանքների»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այժմ ընկերությունը բանկի հետ կազմակերպական հարցեր ունի, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով ավարտին հասցվեն։ 

Նախարարի փոխանցմամբ՝ 2017 թ. ընթացքում Թեղուտն արտադրել և արտահանել է  120 մլն դոլարի արտադրանք, իսկ 2018 թ. Թեղուտի արտադրանքի բացակայությունն ազդել է արդյունաբերության աճի վրա: «Թեղուտի արտադրանքի չափով այս տարվա արտահանման կառուցվածքում ավելի պակաս է արտահանվել, այդ բացակայող հատվածն իր ազդեցությունը թողնում է տնտեսության վրա»,- ասաց նա։

Խոսելով Ամուլսարի մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ լեռնահանքը դեռևս չէր արտահանել որևէ արտադրանք, որպեսզի վնասը հաշվարկվեր: «Երբ կարտադրի, կարտահանի, այդ ժամանակ էլ կսկսենք հաշվել»,- ասաց նա: