Այսօր Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն էր տարածել, որ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու նկատմամբ` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու կապակցությամբ:Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․ «Ճնշումներն իրականացվում են ՀՀ կառավարության և Վայոց Ձորի մարզպետարանի կողմից: ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը հանձնարարական է ուղարկել Վայոց Ձորի մարզպետին, մարզպետը՝ Ջերմուկի համայնքապետին, վերջինս հրավիրել է արտահերթ նիստ՝ ավագանու վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար»:

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Ջերմուկ քաղաքի բնակիչ, Ամուլսարի «պահապան» Շիրակ Բունիաթյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման հանձնարարականը կատարողի ներկայացման ձևն է սխալ եղել, որն էլ առաջացրել է թյուրըմբռնում, իբրև թե պարտադրում և ուղղորդում են ավագանու անդամներին․ «Իրականում, հրապարակված փաստաթղթում նրանք առաջարկում են՝ ավագանին վերանայի իր դիրքորոշումը կամ չեղարկի վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը։ Չենք կարող ասել, որ ճնշումներ կար, ամբողջովին նկարահանված է ավագանու արտահերթ նիստը, որտեղ երևում է, որ մատուցման ձևն էր սխալ»,- պարզաբանելով, ասաց Բունիաթյանը։

Վերջինս նշեց, որ ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ որոշում է կայացրել այդ առաջարկությանը դեմ արտահայտվել․ «Այսինքն, ավագանին մնաց իր մյուս համոզմունքին, որ ինքը կիսում է համայնքի բնակիչների դիրքորոշումը՝ Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և այդ տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին։ Եթե ներկայացվել է ծանրակշիռ փաստաթուղթ, որտեղ մարդիկ իրենց տվյալներով հայտնել են իրենց դիրքորոշումը, ավագանին այլընտրանք չունի, քանի որ ժողովրդի ձայնն է»,- ասաց Բունիաթյանը և հավելեց, որ այդ հանրագիրն ուղարկվել է կառավարություն, Ջերմուկի համայնքապետարան, ինչպես նաև հանձնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ջերմուկ կատարած այցի ժամանակ։ 

Իսկ Ամուլսարի հանքում այժմ էլ բնակիչները շարունակում են խաղաղ բողոքի ակցիան։ Բունիաթյանը վստահորեն նշեց, որ Ամուլսարի պահապանների թիվն ավելի է շատացել, թեպետ չկա ճնշում կառավարության կողմից, և չկան սադրանքներ «Լիդիան Արմենիա»-ի կողմից։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ