Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2019 թվականի փետրվարի 17-ին նշանակված ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար գրանցված ինը թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել մեկը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ, «Վարդենիսի քարհանքերի վարչություն» ԲԲԸ նախագահ Վոլոդյա Խլոյանը:

Ինչպես տեղեկացրեց թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնի համար արդեն պայքարելու է 8 թեկնածու՝ ՔՊ կուսակցության անդամ Վահան Զարոյանը, անկուսակցականներ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի աշխատակից Գրիշա Աղաջանյանը, ԱՁ տնօրեն Արսեն Ամիրխանյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի օգնական Արկադի Խաչատրյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, «Վարդենիս հայրենակցական միության» նախագահ Գարսեւան Սաղաթելյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Գեւորգ Սիմոնյանը:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Վոլոդյա Խլոյանը՝ ինքնաբացարկը հիմնականում պայմանավորված է երիտասարդ թեկնածուներին ասպարեզ ու հնարավորություն տալու դրդապատճառի հետ:

«Ես հեռանում եմ այս պայքարից, բայց ոչ երբեք ձեզանից ու ձեր խնդիրներից, որոնք համարում եմ իմը: Ես համբերատար կսպասեմ, որ երիտասարդները փորձեն նորովի վերակառուցել եւ ավելի բարետես դարձնել մեր ծննդավայրը»,- գրել է ինքնաբացարկ հայտնած թեկնածուն: