2-ամյա երեխային օրեր շարունակ գերության մեջ պահելուց և գտնվելուց հետո, նրա մեզի փորձագիտական քննության պատասխանի մեջ հայտնաբերվել է ամֆիտամին պարունակող թմրամիջոց: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ դժգոհելով իրավապահ մարմիններից, որոնք քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի հանցանքը չմնա անպատիժ։

Ղազարյանի խոսքով՝ շատ հաճախ ծնողների միջև առաջացած խնդիրների պատճառով տուժում են երեխաները։

Փաստաբանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեռևս 2018թ․ երկու երեխաները առևանգվել են հոր՝ Հովհաննես Պարազյանի կողմից։ Երեխաներից մեկը դուրս է բերվել երկրից, մյուսը՝ 2 տարեկան երեխան, գտնվել է Հայաստանում և մոր՝ Նիկոլ Պարազյանի ջանքերով հայտնաբերվել հոր բարեկամներից մեկի տանը։ Այնուհետև մոր նախաձեռնությամբ իրականացվել է փորձաքննություն և պարզվել, որ երեխային ներարկվել է թմրեցնող նյութ` ըստ երևույթին քնեցնելու նպատակով։ 

Նշենք, որ այս հիմքով քրեական գործը կարճվել է։ Փաստաբանները պնդում են` գործը պետք է վերաբացել և վերացնել ապօրինի որոշումը։ 

Փաստաբան Կարեն Ղազարյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ մի ժամանակ սահմանափակում կար՝ առանց ծնողներից մեկի թույլտվության մյուսը չէր կարող երեխային դուրս հանել երեկրից․ «Հիմա օրենքը դա չի կարգավորում։ Օրենքի բացը պետք է կարգավորվի։ Առանց ծնողներից մյուսի համաձայնության` հանգիստ կարող են երեխային երկրից հանել, ինչի հետևանքով դատական վեճեր են առաջանում։ Իսկ այս գործով խնդիրներից մեկն էլ այն է, որ երեխային առևանգել է երրորդ անձ, որն, ըստ Նիկոլ Պարազյանի, իր ամուսնու վարորդն է»,- նշեց նա։ 

Ըստ փաստաբանի՝ իրավապահ մարմինները ոչինչ չեն անում։ Հարցին՝ հեղափոխությունից հետո՞ էլ ոչինչ չի փոխվել, Կարեն Ղազարյանը պատասխանեց․ «Նախկինում ստուգվում էր ցանկացած փոքր մանրուք, հիմա` ամեն բան խառնվել է իրար։ Դեպքեր կան, որ նախկինում քրգործ կհարուցվեր, հիմա չեն հարուցում։ Չեմ կարող ասել՝ դրական միտում չկա, բայց որ դրա հետ մեկտեղ բացասականն էլ կա՝ միանշանակ»,- մտահոգություն հայտնեց Ղազարյանը։ 

Սոնա Հարությունյան