Ինչպես գիտենք, Հակոբ Արշակյանը նշանակվել է, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ վերանշանակվել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար: 
  
Հիշում եք չէ՞ Արշակյանն այն նախարարն է, ով իր ոլորտի բոլոր հարցերը լուծելուց հետո նվիրվել էր երկրի դեմոգրաֆիական խնդիրների լուծմանը, հայտարարելով, որ 2050 թվականին մենք պիտի ունենանք 5 միլիոն բնակչություն: Հետո էլ ասում էր, որ եթե չլիներ 90-ականների ճգնաժամը, հիմա կունենայինք Սինգապուրի չափ բնակչություն: Բայց ամենազավեշտալին նրա հետևյալ միտքն է. «Մենք պետք է կենտրոնանանք տաղանդի արտահոսքի կասեցման և ներհոսքի վրա»: Այսինքն, այս ամիսների ընթացքում Արշակյանը զբաղված էր ժողովրդագրական խնդիրներով, իսկ այդ նույն ժամանակ նրա փոխնախարարն աղոթում էր Լարսի բացման համար, Հյուսիս-հարավը, որը պատկան մարմինների վստահեցմամբ՝ գտնվում է վերահսկողության տակ՝ շաբաթը մեկ կարկատվում է և, ըստ երևույթին, շինարարական աշխատանքները միլիմետր անգամ առաջ չեն գնացել:
 
Ինչ վերաբերում է Լարսին այլընտրանք գնտելուն, ապա այստեղ անգամ հույս չկա, քանի որ այդ այլընտրանքն անգամ չեն էլ փնտրում: Աջ ղեկով մեքենաների սեփականատերերի խնդիրների մասին էլ ավելորդ է հիշեցնել. վերջերս այս խնդրի վերաբերյալ նախարարը «փայլեց» հերթական առաջարկով` աջ ղեկով մեքենան վերածել պահեստամասի եւ այդպես ներկրել: Հակոբ Արշակյանն ի զորու չէր որեւէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողեց Ազգային ժողովի վրա: 
 
Լիահույս ենք, որ նախարարության վերանվանումը գոնե նախարար Արշակյանին կստիպի ավելի պատասխանատու կերպով մոտենալ իր զբաղեցրած պաշտոնին, որպեսզի բարձր տեխնոլոգիաները և արդյունաբերությունը ևս չհայտնվեն տրանսպորտի և կապի ողբալի վիճակում...