ՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ 23 տարի առաջ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել: 

Մեզ հետ զրույցում Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, սակայն, նշեց, որ խնդագրի պատասխանը չեն կարող հրապարակել, քանի որ այն անձնական իրավական ակտ է. «Ներման մասին օրենքով՝ նախագահի հրամանագիրը ստորագրվելուց հետո ուղարկվում է Արդարադատության նախարարություն՝ դատապարտյալին փոխանցելու համար: Տեղեկանում է կամ դատապարտյալը կամ նրա կողմից լիազորված անձը: Երեկ Զարուհի Մեջլումյանը եկել է, լիազորագրի հետ դիմում է ներկայացրել և վերցրել է պատասխանը»,- փոխանցեց Մարտիրոսյանը:

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը տեղեկացրել էր, որ ստացել է ամուսնու ներման խնդրագրի պատասխանը, սակայն այլ մանրամասներ չէր ցանկացել հայտնել՝ նշելով, որ դրա վերաբերյալ այսօր հանդես կգա հայտարարությամբ:

Արդեն տեղեկացրել ենք, որ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ ասվում էր՝ ստացվել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և ստորագրվել համապատասխան հրամանագիրը:

Նշենք, որ «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ 

Լուսանկարը՝ hetq.am

Սոնա Հարությունյան