«Տարեկանի արտում` անդունդի եզրին» հանրահայտ գրքի հեղինակ Ջերոմ Սելինջերի ընտանիքը պատրաստվում է առաջիկա տարիներին լույս ընծայել հեղինակի անտիպ ստեղծագործությունները:

Այս մասին հաղորդում է «The Guardian»-ը:

1951 թվականին «Տարեկանի արտում` անդունդի եզրին» ստեղծագործության գլխապտույտ հաջողությունից հետո, Սելինջերը մեկուսացած կյանքով է  ապրել: Նա մահացել է 2010 թվականին: Երկար տարիներ խոսվում էր այն մասին, որ գրողը մահից հետո չհրատարակած բազմաթիվ գործեր է թողել: Նրա որդին` Մեթը, հաստատել է, որ հայրը այդ տարիների ընթացքում չի դադարել գրել:

«Նա ցանկանում էր, որ ես հավաքեմ իր բոլոր գործերը: Իմանալով  աշխատանքների մասշտաբները` հայրս հասկանում էր, որ դրանք հավաքելը երկար ժամանակ կպահանջի: Հենց ավարտեմ այդ գործը,  մենք  կհրապարակենք անտիպները»,-նշել է Մեթը: