Փետրվարի 3-ին` ժամը 19:35-ին, ոստիկանության Թալինի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին Արագածավան գյուղի բնակիչ ոմն Ժիրո դանակահարել է եղբորը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ոմն Ժիրոն 1970 թ. ծնված Ժիրայր Նազարեթյանն է, իսկ եղբայրը՝ 1973 թ. ծնված Ղևոնդ Նազարեթյանը: Նրանք նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Նոր Արթիկ-Բագրավան ճանապարհին՝ Նոր Արթիկ գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում Ժիրայր Նազարեթյանը դանակահարել է եղբորը, որն ավելի ուշ մահացել է:

Ժամը 22։30-ին Ժիրայր Նազարեթյանը բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին, տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: