ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Նոր Խարբերդում ապրող 22-ամյա մի աղջիկ թմրամիջոց է պահում և օգտագործում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Չարբախի ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Վերին Շենգավիթում և բերման ենթարկել բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է էլեկտրական կշեռք և թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված:

Աղջիկը հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը կրիստալ կամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է: Այն փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն: Չարբախի ոստիկանության աշխատակիցները շարունակում են միջոցառումները` թմրամիջոցը ձեռք բերելու աղբյուրը պարզելու ուղղությամբ: