Մոսկվայի կենտրոնի Նիկիտյան ճեմուղու բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից մահացածների թիվը հասել Է վեցի, նրանց թվում կա մեկ անչափահաս: ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի Գլխավոր հետաքննչական վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:

«Հրդեհի վայրը զննելիս գտնվել են եւս երկու մահացածներ, այդ թվում՝ մի անչափահաս»,- ասել Է նա: Դրանով հրդեհի զոհերի թիվը հասել Է վեցի: Պատահարի վայրի զննությունը շարունակվում Է: Նախնական տվյալներով՝ մահացածների թվում են՝ մի տղամարդ, երեք կին եւ մեկ անչափահաս տղա: Վեցերորդ զոհի վերաբերյալ տվյալները ճշտվում են:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մոսկվայի Նիկիտյան ճեմուղու թիվ 12 շենքում չորս մարդ Է մահացել հրդեհից:

2 հազար քառակուսի մետր տարածք ճարակած հրդեհին տրվել Էր բարդության բարձր մակարդակ: Հրդեհի մարումը դժվարանում Էր նրանով, որ շենքն ունի փայտյա ծածկեր, իսկ բնակարաններից շատերը ենթարկվել են վերապլանավորման: Նիկիտյան ճեմուղու թիվ 12 շենքը կառուցվել Է 1912 թվականին, այն դասվում Է մշակութային ժառանգության օբյեկտների թվին: Շենքում տեղավորված Է ավելի քան 100 բնակարան: Հարեւանությամբ գտնվում Է Արեւելքի պետական թանգարանը: