Անձնագրային բաժինների կողքին գործող պատճենահանում, լուսանկարահանում, թարգմանություն իրականացնող կետերի անհատ ձեռներեցները բողոքում են՝ հայտնվել է մեկն, ով փորձում է «խփել իրենց գործին»։ Նրանք իրենց բողոքն են հայտնում ոստիկանության որոշ անձնագրային ծառայություններում նույնպիսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերության գործունեության կապակցությամբ: ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում անհատ ձեռներեց Հայկանուշ Նազարյանը պատմեց, որ խնդրի առաջ են կանգնել։

«Չգիտեմ՝ ումն է այդ բիզնեսը, որի պատճառով 100-ավոր ձեռներեցների ընտանիքների հացին են կպնում։ Մենք պահանջում ենք, որ իրենց դուրս հանեն և իրենք չզբաղվեն դրանով։ Իմ ու մյուսների անունից կարող եմ ասել, որ սա մեր ապրուստի միջոցն է։ Ո՞նց կարող է մեկ հոգի ուտել, 100-ավոր ընտանիքներ՝ մնան դրսում։ Տունս դրել եմ գրավ, նոր տեխնիկա եմ գնել, ու հայտնվում է մեկը, որը նույն բանն անհամեմատ ավելի էժան գնով իրականացնում է անձնագրային բաժինների ներսում։ Ոչ տեղի փող են տալու, ոչ հարկայինին են վճարելու, ոչ ՀԴՄ են տալու, բնականաբար, պետք է էժան գին դնեն։ Սա արդար մրցակցություն չէ։ Թեկուզ թող ասեն՝ 5 տարի ժամանակ ունեք, ամեն ինչ մաքրեք ու էլ մի զբաղվեք, բայց ոչ էս ձևով»,- մտահոգություն հայտնեց անհատ ձեռներեցը։ 

Նա նշեց՝ այդ մասին տեղեկացել են 10-15 օր առաջ, որից հետո դիմել են տարբեր մարմինների․ «Վարչապետին նամակ գրեցինք, բայց անպատասխան մնաց, որևէ արձագանք չեղավ։ Ես նույնիսկ փորձել եմ խոսել պարոն Բիչախչյանի հետ։ Ցանկանում եմ հանդիպել նաև պարոն Օսիպյանին»,- ասաց նա։ 

Հայկանուշ Նազարյանի խոսքով՝ անձնագրային բաժինների պետերն էլ ոչինչ չեն ասում․ «Ասում են՝ «մենք ի՞նչ կապ ունենք, վերևներից ինչ ասվում ա, մենք անում ենք»։ Եթե վերևներից է արվում՝ արդյոք ճի՞շտ է՝ մեկը ուտի, մյուսներս չուտենք, ինչ է թե՝ ինչ-որ մեկը որոշել է այդ բիզնեսն առնել»,- նշեց նա։ 

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանեցին, որ դեռևս 2017թ ՀՀ ոստիկանություն է դիմել «Հուռնետ» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումներում տեղադրել լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ գործողություններ կատարող սարքավորումներ, որոնք էապես կբարելավեն և կբարձրացնեն բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը, և քաղաքացին ստիպված չի լինի նմանատիպ ծառայությունների համար դուրս գալ շենքից ու մոտակայքում փնտրել այդ ծառայությունները մատուցող ընկերություններ․ 

«ՀՀ ոստիկանությանն այդ առաջարկը հետաքրքրել է, ընդունելի է համարվել, և «Հուռնետ» ընկերության հետ կնքվել է նախնական համագործակցության համաձայնագիր: «Հուռնետ» ընկերությունը փորձնական շահագործման պայմանով ոստիկանության ԱՎ վարչության որոշ ստորաբաժանումներում տեղադրել է այդ սարքավորումները՝ հետագա արդյունքի ուսումնասիրման, արդյունավետության և վերջնական որոշման ընդունման նպատակով: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մատուցվող ծառայությունների արժեքները մի քանի անգամ ավելի մատչելի են գումարային առումով, առանց շենքից դուրս գալու քաղաքացիները ստանում են այդ ծառայությունները: Նշենք նաև, որ վերջնական պայմանագրի կնքումից հետո պետբյուջե կվճարվեն տարածքի վարձակալության համապատասխան գումարներ: Ներկայումս սարքավորումները չեն գործում, անջատված և հանված են, մինչ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարության 21.02.2001թ. թիվ 125 որոշման համաձայն պահանջվող փաստաթղթերը կուղարկվեն կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որտեղ իրականացված աճուրդի արդյունքում հաղթող մասնակցի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր»,- տեղեկացրին ոստիկանությունից:

 

Սոնա Հարությունյան