Հայաստանում լայնորեն քննարկվում է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Ալեն Սիմոնյանի առաջարկությունները, կապված ՀՀ պետական օրհներգի և դրոշի փոփոխման անհրաժեշտության հետ: Հիշեցնենք՝ Մակունցն առաջարկում էր փոխել պետական հիմնը, պատճառաբանելով, որ այն չի պարունակում այն ազդակները, որ ինքն է ցանկանում: Ալեն Սիմոնյանն էլ ավելի հեռուն գնաց, առաջարկելով պետական դրոշի վրա ավելացնել խաչը:
 
Առաջին հայացքից կարող է տպավորություն առաջանալ, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի ներկայացուցիչները պարզապես ծաղրում են հասարակությանը: Փաստորեն, ստացվում է, որ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը փոխել խոստացողներն այսօր մոռացել են, կամ էլ այլևս չեն տեսնում նման փոփոխությունների անհրաժեշտություն:
 
Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի հագով կարած Սահմանադրությունը, ՀՀԿ վերարտադրության համար կազմված ընտրական օրենսգիրքը Փաշինյանի հագով ու սրտով են, և դրանք փոխելու կարիք այլևս չի զգացվում: Ի դեպ՝ պատգամավորների առաջարկը բուռն հակազդեցության և քննադատության է արժանացել հանրության լայն շրջանակների կողմից: Մարդիկ իրավամբ նշում են, որ նոր իշխանությունները շատ ավելի լուրջ անելիքներ ունեն հետհեղափոխական այս փուլում:
 
Օրինակ, արդեն կարելի է մտածել նոր աշխատատեղերի ստեղծման մասին, քանի որ կառավարության բարեփոխումների արդյունքում, ՀՀ շուրջ 60 հազար քաղաքացի պոտենցիալ գործազուրկ կարող է դառնալ: Կարելի է մտածել, օրինակ՝ թոշակների, նպաստների բարձրացման մասին: Կարծում ենք՝ պատճառն ակնհայտ է, թե ինչու նոր իշխանությունները ի վիճակի չեն լուծումներ գտնել վերոնշյալ խնդիրներին՝ բյուջեում փող չկա: Իսկ քանի դեռ փող չկա, պետք է հանրությանը մի բանով զբաղեցնել և աշխատանքի իմիտացիա ապահովել, ինչով էլ վերջին օրերին ակտիվորեն զբաղված են իմքայլականները: