«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով հետախուզման մեջ գտնվողներից մեկը հայտնաբերվել է: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հայտնաբերվածի կալանքի վերահաստատման հարցը կքննարկվի վաղը: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ (Սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը): Այս պահին գործով մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ:

Հարությունյանը նշեց, որ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նա տեղեկացրեց նաև՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 11 անձի:

 

Նշենք, որ գործով 2 անձ կալանավորվել է, 5-ի դեպքում դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, իսկ մեկը գտնվում է հետախուզման մեջ: 

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում, կան վիրավորներ: Պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ։

Հիվանդանոցներ են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 7 երիտասարդներ, մեկը մահացել է։

Ինչպես հայտնի է՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանին։ Միջադեպի մասնակիցներից՝ 1995 թվականին ծնված Շանթ Մանուկյանը Մելիք Մանուկյանի որդին է: Նա մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ: