Հունվարի 23-ին մենք հավաքվել էինք քաղաքապետարանի դիմաց, սակայն մենք դրական պատասխան չստացանք, և քաղաքապետը մեզ այդպես էլ չընդունեց: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ասուլիսի ժամանակ ասաց տաքսու վարորդներից մեկը: Տաքսու վարորդները դժգոհում են, որ չկան ավտոկայանատեղիներ և ոստիկանությունն իրենց անիմաստ տուգանում է: 

«Պարոն Փաշինյանը մեզ համաներում է շնորհել, բայց, ինչպես տեսնում ենք, քաղաքապետը չի տրամադրում  ավտոկայանատեղի և ոստիկանապետը՝ Վալերի Օսիպյանը, տուգանում է մեզ: Մենք պահանջում ենք, որ այս տուգանքները համաներվեն: Քաղաքապետ Մարությանը նշում է, որ ինքը տրամադրել է 100 ավտոկայանատեղի, բայց դա ոչ թե ինքն է տրամադրել, այլ Տարոն Մարգարյանը, ինքը դեռ ոչ մի բան չի տրամադրել: Առայժմ դուք մենակ ձեզ եք տրամադրում՝ պարգևավճար: Չգիտեմ ինչ եք արել, որ ձեզ պարգևատրում եք»,-ասաց տաքսու վարորդներից մեկը: 

Հարցին, թե ինչո՞ւ չեն դիմում դատարան, տաքսու վարորդը նշեց. «Ամեն հարցով հո չե՞նք դիմելու դատարան»: