Հայաստանում իշխանափոխությունից հետո արտաքին հարաբերությունների ոլորտում որոշակի դադար է նկատվում, և դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին:Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ այդ դադարը պետք է հնարավորինս արագ և որակյալ կերպով լրացվի, որովհետև հայ-իրանական հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է և օգտակար: «Այս իմաստով Հայաստանի երկրորդ հարևանը, որը մեզ հետ ունի նաև բարեկամական հարաբերություններ, մեր արտաքին քաղաքական  օրակարգում զբաղեցնում է յուրահատուկ տեղ»,-ասաց Ոսկանյանը՝ կարևորելով հատկապես Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագիրը: Իրանագետի խոսքով՝ նման ազգակ Իրանի կողմից եղել է նաև Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում՝ ՄԱԿ-ի հարթակից: «Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն, դա մեր պետությանը ոչ միայն տնտեսական զարգացում կապահովի, այլև նոր տարածաշրջանում նոր հարթության մեջ հայտնվելու հնարավորություն կտա»,- ընդգծեց նա:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ կարևոր է նաև էներգետիկ ծրագրերի հատվածը, որին պետք է մեծ ուշադրություն դարձվի: «Այստեղ մենք պետք է լինենք շատ ստեղծագործ: Պետք է կարողանանք ստեղծել նոր ձևաչափեր, որտեղ Հայաստանը կունենա կրկին կապող օղակի դերակատարություն: Խոսքը վերաբերում է հատկապես Հայաստան- Իրան-Վրաստան ձևաչափին, Թուրքմենստան-Իրան-Հայաստան հարաբերություններին: Հայաստանը կարող է կարևոր դեր ստանձնել նաև Եվրամիության և Իրանի հետ հարաբերություններում»,- նշեց նա՝ կարևորելով Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:

«Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը, որքանով որ բխում է Հայաստանի շահերից, նույնքանով էլ բխում է Իրանի շահերից, հետևաբար Իրանում որոշում կայացնողները ևս շահագրգիռ են»,-հավելեց բանախոսը: