Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը մտահոգիչ է համարում դպրոցների առարկայացանկից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելը:

Լրագրողների հետ զրույցում Բախշյանն ասաց, որ առարկան պետք է բարեփոխվի, չափորոշիչները վերանայվեն:

«Կարծում եմ՝ հանրակրթական դպրոցներում, «Հայոց եկեղեցու պատմություն» և առհասարակ բոլոր առարկաների չափորոշիչները պետք է վերանայվեն: Բայց երբ խոսվում է առարկաները հանել-չհանելու ու ծրագրերի չափորոշիչների փոփոխությունների մասին, արդեն մտահոգությունների տեղիք է տալիս»,- նշեց Բախշյանը և հավելեց, որ այդ և այլ հայագիտական առարկաներ պետք է անպայման ուսուցանվեն դպրոցներում:

Խոսելով դպրոցներում աշակերտների և քահանայի հետ հանդիպումներ կազմակերպելու մասին, Բախշյանն ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորը կարող է գալ դպրոց, դա թույլ է տալիս «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը:

«Դպրոցի տնօրենի թույլտվությամբ, այդ հաստատություն կարող է հրավիրվել այն մարդը, ով այնտեղ սովորող երեխաներին կողմնորոշվելու համար հմտություններ կտա: Քահանայի՝ դպրոցում գտնվելը և առարկային ավելի լավ ծանոթացնելը քարոզ չէ, քանի որ նա այդ ամենը չի փորձում համոզել դիմացինին, այլ ուղղակի տեղեկացնում է»,- ասաց ՀԽ անդամը: