Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում դատավոր Մեսրոպ Մակյանը նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացրեց:

Նիստի ընթացքում դատավորը մեղադրյալ Սմբատ Բարսեղյանին դատարանի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց, ինչին դահլիճում հավաքվածները վանկարկումներով արձագանքեցին:

Դատավորն այնուհետև հայտարարեց, որ նիստը շարունակվելու դռնփակ, քանի որ դահլիճում հավաքված քաղաքացիները խանգարում են նիստը և հնարավոր չի լինում ապահովել հասարակական կարգը:

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է (մեղադրյալ Արայիկ Խանդոյանը մահացել է ազատության մեջ)՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց: 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում: