Տևական ժամանակ քաղաքացին զանգահարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընդունարան և ահաբեկել նախարարության աշխատակիցներին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։

«Փորձել ենք բացատրական աշխատանքներ իրականացնել քաղաքացու հետ, սակայն վերջինս շարունակել է իր զանգերով ոչ ադեկվատ վերաբերմունք դրսևորել աշխատակիցների նկատմամբ»,- ասաց մամուլի քարտուղարը։

Զանգերի բովանդակության և քաղաքացու ինքնության մասին մանրամասներ Մուրադյանը մեզ չհայտնեց, միայն նշեց, որ  դեպքի առնչությամբ դիմել են ոստիկանություն և այնտեղ ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ:

Նկատենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ահազանգողը սպանության ու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ է հղել նախարարության աշխատակիցներին։