Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի բողոքը և բեկանել կալանավորման որոշումը։

«Գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան` նոր քննության։ Կարծում եմ՝ դատարանը շեշտը դրել է պաշտպանական իրավունքից զրկելու վերաբերյալ խախտումների վրա, որի մասին պաշտպանական կողմը բարձրաձայնում էր»,- ասաց նա։

Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում էր կայացրել։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։ Քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Հարույթունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաև 2018թ. նոյեմբերի 2-ին։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։