Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից պատշաճ վարչարարության իրականացումն ապահովելու հարցով դատական հարցերը շարունակում են մեկը մյուսի հետևից թափվել Վարչական դատարան: Իսկ գլխավոր պատճառն այն է, որ Վարչությունը քաղաքացիների դիմումների հիման վրա շարունակ կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք հետագայում բողոքարկվում են Վարչական դատարանում: Եթե ուսումնասիրենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, քաղաքացիների կողմից Երևանի քաղաքապետարանի դեմ բազմաթիվ հարուցված գործեր կգտնենք: Դրանցով հիմնականում վիճարկվում են Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կայացրած որոշումները:
 
Կհիշենք, թերևս, ինչպես քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ շինությունների տոտալ ապամոնտաժման՝ կատարելով Հայկ Մարությանի նախընտրական խոստումը, որ բոլոր ապօրինի շինությունները Երևանում կքանդվեն: Բայց պարզվեց՝ այդ շինություններն այնքան էլ ապօրինի չէին: Եվ հիմա քաղաքապետարանը ստիպված է տակից դուրս գալ, որովհետև քաղաքացիները սկսել են դատական կարգով պայթեցնել քաղաքապետարանի՝ ակտիվ աշխատելու մասին փուչիկը, քանի որ նախընտրական շրջանում ներկայացվում էր այնպես, կարծես թե Երևանի 90 տոկոսը պատված է ապօրինի շինություններով, իսկ արդեն ընտրություններից հետո պարզ դարձավ, որ պոպուլիզմը հաճախ բումերանգի էֆեկտ է ունենում: Այս դատական հայցերին կարող են գումարվել նաև օպերայի շրջակայքում գտնող սրճարանների սեփականատերերի հայցերը: Այս իրավիճակը, որում հայտնվել է քաղաքապետարանը, խոսում է միայն ու միայն Մարությանի և իր թիմի դիլետանտության մասին: Եկել է ցանածը հնձելու ժամանակը: