Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ավստրիական Society ամսագրին՝ խոսելով Հայաստանի պատմության, նախագահի պաշտոնում իր գործառույթների, հայ-ավստրիական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից տրամադրել են ամբողջական հարցազրույցը.
- 2018 թվականի ապրիլից զբաղեցնում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին:
- Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից և պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի,արվեստի և երաժշտության, այնպես էլ, դժբախտաբար, ողբերգությունների տեսանկյունից: Ավելի քան 1700 տարի առաջ հայերն աշխարհում առաջինն էին, որ դարձան քրիստոնյա: 11-րդ դարում հայ Բագրատունիները կորցրին Հայաստանում իրենց թագավորությունը: Ավելի ուշ,կորցրեցինք Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը խաչակիրների հիմնական ամրոցն էր: Չնայած այս կորուստներին, հայերը մշտապես եղել են լավ կազմակերպված ու ակտիվ ազգ, որն ուժ է ստացել եկեղեցուց և այն շրջապատող համայնքներից:
20-րդ դարասկզբին հայերն առերեսվեցին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ողբերգությանը, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ կորցրին իրենց կյանքը: Ամեն ընտանիք իր պատմությունն ունի՝ կապված այդ ողբերգական իրադարձության հետ: Իմ տատիկի ընտանիքն այդ ցեղասպանության պատճառով կորցրեց իր առաջին երեխային: Այս ողբերգական դեպքը պատճառ դարձավ ողջ աշխարհում հայկական Սփյուռքի առաջացման՝ Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա կամ Ֆրանսիա: Դրանից հետո մենք 100 տարի առաջ հռչակեցինք մեր անկախությունը, սակայն 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից կարճ ժամանակ անց երկիրը Խորհրդային Միության մաս կազմեց: Կազմավորման ավարտից հետո խնդիրներ ի հայտ եկան՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղում և այլուր: Մենք հուսով ենք կարգավորել այդ խնդիրը 21-րդ դարում։
- Նախքան Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը Դուք եղել եք Մեծ Բրիտանիայի դեսպանը, այսինքն կարելի է ասել՝ Դուք գիտեք դիվանագիտությունն իր ողջ հմայքով:
- Դիվանագիտությունն արհեստ է, և ես բախտ եմ ունեցել հանդիպել դրա լավագույն մասնագետներին: Կարելի է ասել, որ մինչ այս ես մի քանի կյանք եմ ունեցել: Առաջինը նշանավորվեց տեսական ֆիզիկայի ու հարաբերական աստղաֆիզիկայի նկատմամբ իմ մեծ կրքով: Ավելի ուշ ես դարձա դիվանագետ՝ ծառայության անցնելով շատ երկրներում, անգամ՝ յոթ երկրում միաժամանակ, ապա՝ որպես Եվրոպայի ավագ դեսպան: Երրորդ փորձառությունս արդեն խորհրդատվական գործունեության ոլորտում էր՝ այնպիսի խոշոր ընկերությունների համար, ինչպիսին British Petroleum-ն է, ում աջակցում էի Եվրասիայում բիզնես գործունեություն ծավալելու հարցում: Ես նաև գրասենյակներ եմ ունեցել Վիեննայում՝ որպես բարձր տեխնոլոգիական ընկերության ոչ գործադիր խորհրդատու: Մենք ստեղծել ենք խաղեր, որոնք հիմնականում ներկայացվել են Չինաստանում և Կորեայում:
Նախագահ լինելը աշխատանք է և միաժամանակ նաև առաքելություն, քանի որ այն մի կողմից ինձ համար որպես Հայաստանի նախագահ, պարտականությունն է, բայց մյուս կողմից՝ ես այն հաճույքով եմ կատարում։
- Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ որո՞նք են Ձեր հիմնական նպատակները:
- Ամենակարևոր կետերը հետևյալն են՝ հարթել խնդիրներն ու առհասարակ՝ զարգացնել Հայաստանը: Մեր ազգը 21-րդ դարում մեծ հնարավորություններ ունի: Մեր ուժը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսները: Մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Օրինակ, Ռուսաստանում բնակվում են նույնքան հայեր, որքան հենց Հայաստանում: 21-րդ դարում դա առավելություն է, քանի որ մոլորակն ավելի է փոքրանում, իսկ կյանքը դառնում է ավելի արագ:
Աշխարհում խոշորագույն ընկերություններն այլևս նավթային կամ գազային ընկերությունները չեն, այլ տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություններն են, ինչպես, օրինակ, Apple-ը և Google-ը: Հայաստանը հնարավորություն ունի լինել, այսպես կոչված, վիրտուալ մետաքսե ճանապարհի՝ տեխնոլոգիաների ու հաղորդակցության առևտրային ուղու մի մասը: Այս մետաքսի ճանապարհն արդեն գոյություն ունի՝ որպես համաշխարհային ցանց այն մարդկանց, ովքեր միացած են իրար վիրտուալ կերպով, և սա է այն դաշտը, որտեղ կարող ես տարածել քո ազդեցությունն այսօր: Սա կարող է լինել Հայաստանի դարը, եթե մենք օգտագործենք տարբեր հասարակություններում հաջողությամբ ինտերգրված, բարձր կրթական մակարդակ ունեցող և գլոբալ ազգ լինելու մեր առավելությունը: Ի հավելումն՝ նշեմ, որ մենք մեր տարածաշրջանի միակ երկիրն ենք, որն ամուր կապեր ունի թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ:
Խորհրդարանական հանրապետությունում նախագահը երկրի գործադիր ղեկավարը չէ, սակայն նա գործում է իբրև երկրի գլուխ՝ ազգի համար ցույց տալով ուղին, տեսլականը կամ ռազմավարությունը: Այս աշխարհի միտումների հետ ներդաշնակորեն կարող է աշխատել միայն այն գաղափարը, որը հստակ ծրագիր ունի: Նախագահը պետք է հասկանա ուժեղ և թույլ կողմերն ու գտնի աշխարհում իր երկրի տեղը: Աշխարհը դառնում է ավելի փոքր ու փոխկապակցված, ուստի Հայաստանի ազգային շահերը գտնվում են դրա սահմաններից դուրս:
- Ովքե՞ր են աշխարհում ձեր հիմնական գործընկերները:
- Պատմականորեն մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Նախկինում, Հայաստանի մի հատվածը մաս է կազմել Ռուսական կայսրության, և դժվարին ժամանակներում մենք ստացել ենք Ռուսաստանի աջակցությունը: Մենք նաև շատ լավ կապեր ունենք մեր հարևանների՝ Իրանի ու Վրաստանի հետ: Սերտ հարաբերությունների մեջ ենք Եվրոպայի հետ: Պատմականորեն Հայաստանը եղել է խաչմերուկ Արևելքի ու Արևմուտքի միջև:
Ընդհանրապես, Հայաստանը պետք է շարունակի խորը և բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, խորացնել կապերը Եվրամիության ու Չինաստանի, ինչպես նաև շատ լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների ու մյուս երկրների հետ:
- Ձեր երկիրը վերջերս շատ մեծ աճի ցուցանիշ գրանցեց: Ո՞րն է դրա պատճառը:
- Այստեղ կարող են մի քանի պատճառներ լինել. կառավարությունը լավ է աշխատել, մարդիկ տքնաջան աշխատել են, միջազգային պայմանները բարենպաստ են եղել կամ էլ պատճառն այս բոլոր գործոններն են միասին վերցրած: Սակայն կարծում եմ, որ կարող ենք ավելի բարձր աճի ցուցանիշ գրանցել: Հայաստանն ունի տարածաշրջանում լավագույն բանկային և ՏՏ ոլորտներից մեկը:
- Ի՞նչ եք մտածում Ավստրիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին:
- Ես պատրաստ եմ խորացնել մեր հարաբերությունները: Մենք բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ձեր աջակցությունն այն գաղափարին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական ճանապարհով այլընտրանք չունի: Ակնկալում եմ ապագայում քննարկումներ ունենալ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի, կառավարության և վարչապետի հետ՝ առաջ մղելու և զարգացնելու մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև մշակութային հարթակներում: Ինչ-որ առումով ես նաև ավստրիական մշակույթի դեսպանն եմ, քանի որ մինչ օրս 18 տարի շարունակ այցելել եմ Ֆուշլ լիճ և Զալցբուրգ (խմբ.- ավստրիական Զալցբուրգ քաղաքում ամեն տարի ամռանը կազմակերպվում է երաժշտական փառատոն). կա՞ մեկ այլ նախագահ, ով արել է նման բան:
- Ո՞րն է եղել Ձեզ վրա խորը ազդեցություն թողած վերջին գիրքը:
- Ընդհանրապես, ես շատ եմ կարդում, սակայն գիրքը, որով ներկայում ամենաշատն եմ տարված, այն գիրքն է, որի վրա աշխատում եմ: Գիրքն այն մասին է, թե ինչպես է գործում քաղաքականությունը 21-րդ դարում, և ես այն անվանել եմ «Քվանտային քաղաքականություն»:
- Ձեր կարծիքով, ի՞նչն է կյանքում ամենակարևորը:
- Կյանքում շատ կարևոր բաներ կան. ժամանակը, օրինակ, դրանցից մեկն է:
Բոլորս այս մոլորակի վրա ունենք որոշակի ժամանակ, և կան շատ քիչ բաներ, որոնք ժամանակից ավելի արժեքավոր են, ինչպես սերը մերձավորներիդ կամ երկրիդ հանդեպ: Դու կարող ես զոհաբերել ժամանակդ հանուն սիրո: Ուստի, եթե չես սիրում քո աշխատանքը, ինչո՞ւ պետք է այն անես:
Արմեն Սարգսյանի հարցազրույցը Society ամսագրին
12:26 - 8.Փետրվար.2019
Առաջարկում ենք նաև
05/11/21 18:10
Ինչպիսի՞ն կլիներ այս պետության ապագան, եթե չլիներ Ռուսաստանը․ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ «Россия 24»-ին
24/10/20 19:20
Հայաստանի և ԼՂ-ի բարեկամները պետք է անհապաղ արձագանքեն իրավիճակին. Արմեն Սարգսյանի հարցազրույցը` Al-Ahram Weekly-ին
16/10/20 12:00
Շատ հայերի այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը. Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ The Critic-ին
14/10/20 18:46
ՆԱՏՕ-ին կամ ՆԱՏՕ-ի անդամին՝ Թուրքիային, ոչ ոք չի հրավիրել. անկոչ հյուրեր են ԼՂ հարցում. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Дождь»-ին
13/10/20 16:00
Երբ նայում ես Ստեփանակերտին, թվում է՝ այն քաղաք է Երկրորդ աշխարհամարտից հետո․ Արմեն Սարգսյանի հարցազրույցը RT-ին
03/10/20 15:01
Թուրքիան սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը
16/01/24 17:20
Իսրայելը պետք է պաշտպանի հայ քրիստոնյաներին Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Արմեն Սարգսյանի հոդվածը Haaretz-ում
07/04/23 10:40
Մայրական նվիրական սերն ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը
26/07/22 09:36
Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 55. «Ժողովուրդ»
01/02/22 11:00
Նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցված են. ԱԺ նախագահը ստորագրել է արձանագրությունը
Ամենադիտված
Լրահոս
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»