Գործադիրի այսօրվա արտահերթ նիստում հաստատվեց կառավարության ծրագիրը: Այն օրենքով սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության նախորդ նիստում, սակայն այն չէր հաստատվել, որպեսզի որոշ խմբագրական աշխատանքներ իրականացնեն: Այժմ կարծես թե ամեն ինչ պատրաստ է և Նիկոլ Փաշինյանն էլ այս փաստաթղթով տվեց տնտեսական հեղափոխության մեկնարկը:

Պետք է փաստել, որ ծրագրի ամենավերջում կառավարությունը վճռականություն է հայտնել՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Միևնույն ժամանակ տնտեսական քաղաքականության բաժնում նշված է, որ «տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով` ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5: Պարզ տնտեսական հաշվարկը հուշում է, որ իրական աճի համար Հայաստանի տնտեսությանը 5% տոկոսից ավելի աճ է պետք։ Ժամանակին նախագահ Սարգսյանը կառավարության նիստում ասել է, որ 5%-ը աճի նվազագույն շեմն է՝ նկատի ունենալով, որ մեր տնտեսության համար 5% աճը ոչ այլ ինչ է, քան լճացում է: Կառավարության ծրագրում նույն պատկերն է նաև աշխատավարձի հետ կապված: Նախկինում թմբկահարված` բարձրացնելու ենք աշխատավարձերը կոչին կառավարության ծրագրում հանդիպում ենք շատ համեստ ձևակերպմամբ, այն է` հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում: Իսկ ի՞նչ կլինի, եթե մակրոտնտեսական զարգացումներն այնքան էլ փայլուն չլինեն, ինչպես, օրինակ, վերջին եռամսյակներում էր…

Մյուս կողմից հասարակությանը արդեն իսկ հետաքրքրում են այն ռեալ ձեռքբերումները, որոնք արձանագրվել են տնտեսության մեջ հետհեղափոխական փուլում: Իրականում պատկերը անչափ մտահոգիչ է, քանի որ անզեն աչքով էլ պարզ է, որ քաղաքական հեղափոխությունը այդպես էլ չկապիտալիզացվեց դառնալով տնտեսական: Թռիչքաձև աճը, որը խոստացել էր ապահովել Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում չի գրանցվի, իսկ սոցիալ-տնտեսական խնդիրները օր օրի կուտակվում են: Մի կողմից հայտարարվում է հարկային արտոնությունների մասին, մյուս կողմից առաջարկվում են հարկային օրենսգրքի այնպիսի փոփոխություններ, որոնք միանշանակ չեն բխում փոքր ու միջին բիզնեսի շահերից: Դրան էլ գումարում ենք վերջին շրջանում արձանագրված գնաճը, պետական ապարատում աշխատողների տոտալ կրճատումները և հասկանալի է դառնում, որ ներկա պահին տնտեսական հեղափոխությունը հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե հնարավոր լինի ապահովել խոստացված ներդրումային բումը, մինչդեռ մեկ մտահոգիչ տենդենց է նաև նկատվում՝ կապիտալը Հայաստանի տարածքից հեռանում է գրեթե նույն տեմպերով, ինչ հեղափոխության առաջին ամիսներին…