«Դալմայի այգիներում»  այս տարվա սեպտեմբերին կբացվի ժամանցի և զվարճանքի հսկա կենտրոնի մի մասը: Ծրագիրն իրագործելու համար ՀՀ Բնապահպանության նախարարությունն արդեն իսկ տվել է դրական եզրակացություն ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող  «Պարկ գրուպ» ՍՊԸ-ին: 

Նախ նշենք, որ ընդհանուր տարածքը կազմում է 27,66 հա, որի 7%-ը նախատեսված է կառուցապատման՝ շենքերի, շինությունների և ատրակցիոն սարքավորումների, ջրային մակերեսների համար, 23%-ը՝ ճանապարհների, արահետների և ավտոկայանատեղիների համար, մնացյալ 70%-ը՝ կանաչ գոտիների համար: Կառավարության որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկվում է տվյալ տարածքի անտառային ֆոնդը փոխադրել հատուկ պահպանվող տարածք: Նախագծում նշվում է, որ ժամանցի համալիրը կառուցվելու է շինություններից զուրկ հողատարածքում, որը նախկինում եղել է այգի, և որտեղ պտղատու ծառեր կան, որոնք, համաձայն նախնական գնահատման հայտի, շինարարության առաջին փուլում չեն հատվելու, իսկ մյուս փուլերում տարածքը մաքրվելու է ծերացած ու չորացած ծառերից: Կենտրոնն ունենալու է 350 նոր աշխատատեղ:

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը դեռևս 2003 թվականից էր «նմանատիպ հանցագործ մի ծրագիր ընդունել»:

«Հիմա կառավարությունը անտառային տարածքները, որը ունի խիստ կարգավիճակ և որտեղ կառուցապատումն արգելվում է,  փոխարինել է  հատուկ պահպանվող տարածքների, որպեսզի շինարարություն կազմակերպվի: Դալմայի այգիներն ընդհանրապես ոչնչացված են՝ գիտակցաբար ջրատարն են վնասել, թափոններն են լցնում, ողբերգական վիճակ է: Կառավարությունն այդ ծրագրին հավանություն տալով է ցույց է տալիս, որ առանձնապես կանաչ տարածքներ պահպանելու նպատակ չունի: Պետք է հստակ օրենք լինի, որ այն 256 հա-ն, որը պետք է Երևանի համար ծառայեր որպես կանաչ թոքեր, վերահսկվեն ու ճակատագիրը որոշեն: Դալմայի այգիները մեզ համար պատմամշակութային նշանակություն ունեն»,- մանրամասնեց բնապահպանը: 

Մեր այն դիտարկմանը, որ, ըստ ծրագրի, նախատեսվում է տարածքի 70%-ում պահպանել կանաչ տարածքները, մեր զրուցակցը վստահեցրեց, որ նույն «Հաղթանակ» զբոսայգում նմանօրինակ ծրագրով տրամադրվել են հյուրանոցի համար տարածք, սակայն ընթացքում անընդհատ ընդլայնել են տարածքն ու «բզկտել»: 

«Ենթադրելի է, որ նարավոր է այս տարածքի տերը ևս նույն ճակատագրին արժանացնի Դալմայի այգիները: Այդ այգիները նախկին տեսքին վերադարձնելը շատ դժվար է լինելու, սակայն պետք է գոնե սահմանափակել այդ տարածքում շինարարական որևէ գործընթաց, վերականգնեն խաթարված ջրատարը, առանց որի գյուղատնտեսությունն այդտեղ չի զարգանա, աղբը հեռացնեն, որից հետո զարգացնել ավանդական գյուղատնտեսությունը»:

Տարօրինակ է այն, որ Երևանի քաղաքապետարանը բոլորովին վերջերս իր մտահոգությունն էր հայտնել Երևանի կանաչապատ տարածքների վերաբերյալ և նույնիսկ որոշել է Օպերայի հարակից տարածքի մի շարք սրճարաններ ապամոնտաժել՝ հիմնավորելով, որ Երևանին «կանաչ թոքեր» են անհրաժեշտ: Մինչդեռ Դալմայի այգիների նախնական տեսքին վերադարձնելն այս տեսանկյունից շատ ավելի արդյունավետ կլիներ, բայց արի ու տես, որ կառավարությունն այս պարագայում առաջնորդվում է կոնկրետ գործարարի բիզնես շահերով:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ