Էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանը դեռևս չի վերանշանակվել իր պաշտոնում: Չար լեզուներն ասում են, որ ոլորտը սուպերնախարարության տակ փաթեթավորելուց և այն Սուրեն Պապիկյանին տալուց հետո Բաղրամյանի համար կառավարությունում այլևս տեղ չի գտնվի: Սակայն, քանի որ վերջինս բարեկամական կապի մեջ է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ, նրան ևս աչքաթող չեն անի: Վանեցյանի քենակալը, որը վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում, ըստ որոշ տեղեկությունների, կարող է վերադառնալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի նախագահի պաշտոնը հուլիս ամսից թափուր է, քանի որ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին, իսկ նշանակվել էր 2013-ին՝ 5 տարի ժամկետով:
Մինչդեռ կա կարծիք, որ Բաղրամյանը կմնար իր պաշտոնին, եթե վարչապետ Փաշինյանին բավարարեր նրա աշխատանքը՝ զբաղեցրած պաշտոնում:
 
Իրականում, Բաղրամյանի ղեկավարման շրջանում էներգետիկ ոլորտում, մեղմ ասած՝ «շունը տիրոջը չէր ճանաչում»: Ինչ արժի միայն այն հանգամանքը, որ «Նաիրիտ»-ում գործարանի սնանկության գործով կառավարիչն առանց նախարարության հետ համաձայնեցնելու, բաց դռների օր է կազմակերպում՝ Չինաստանի գործարարներին հրավիրելով ռազմավարական նշանակության օբյեկտ: Իսկ գործարանի վերագործարկման մասին անգամ խոսելն է ավելորդ, ըստ էության, ինչպես և նախորդ իշխանությունները, նորերը նույնպես պատրաստվում են քաղաքական դիվիդենտներ հավաքել գործարանի վերաբացման վրա, առանց մատը մատին խփելու: Բաղրամյանի կառավարման շրջանում էլ արձանագրվեց Հայաստան մատակարարվող գազի գնի թանկացում: Իհարկե, սա մեծապես քաղաքական որոշում էր, սակայն չէ՞ որ բանակցող կողմ էր նաև նախարարը, ով սկզբում հայտարարեց, որ գազի գինը Հայաստանի համար չի թանկանա, այնուհետև ստիպված էր ընդունել, որ իր հաշվարկներում փոքր-ինչ սխալվել է: Դրանից հետո էլ իրավիճակը չի դադարում զավեշտալի մնալ: Մի կողմից՝ հայտարարվում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ գազի գնի սուբսիդավորման բանակցություններ են ընթանում, մյուս կողմից՝ «Գազպրոմի» ներկայացուցիչները խոսում են տարվող քննարկումների մասին, որոնք, ըստ էության, շարքային սպառողին գազի գնի թանկացումից չեն ապահովագրում…
 
Գուցե հենց այս ձախողումներն էլ հաշվի առնելով, Փաշինյանը որոշել է Բաղրամյանին՝ իրեն ավելի հոգեհարազատ պաշտոն շնորհել, որտեղ վերջինիս պռավալներից եղած հետևանքներն այդքան ցավալի և լայն հանրության համար նշմարելի չեն լինի…