ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված անորոշությունը հիվանդագին է կազմակերպության համար, սակայն այն չի ազդի ՀԱՊԿ արդյունավետության և մարտունակության վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ Հայաստանը հետ կանչեց այդ պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, ում դեմ քրեական գործ է հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակներում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է դարձել նրա տեղակալը՝ Վալերի Սեմերիկովը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո ստորագրել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ: Ավելի վաղ Զասն իր նշանակման համաձայնեցման համար այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Ընդ որում, Հայաստանից հայտնել էին, որ Զասի այց Երևան չի նախատեսվում: Ինքը՝ Զասը, հայտնել էր, որ պատրաստ է Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ ժամանել Երևան ու հանդիպել երկրի ղեկավարության հետ: Նա նշանակման հարցում կոնսենսուսի հույս էր հայտնել: «Այն, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ ղեկավարին հետ կանչելուց հետո մեզ չի հաջողվում նորին արագ նշանակել, հիվանդագին է կազմակերպության համար»,- ասել է Պանկինը: Նրա կարծիքով՝ իրադրությանը պետք է հնարավորինս շուտ լուծում տրվի: ՌԴ ԱԳ փոխնախարարը բացառել է ստեղծված իրադրության բացասական ազդեցությունը ՀԱՊԿ արդյունավետության ու մարտունակության վրա: Ալեքսանդր Պանկինի խոսքով՝ ՀԱՊԿ-ն խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության պահպանման կարևոր գործիք է, ուստի այն պետք է հստակ գործի: ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: