Օրերս ՀԱԿ փոխնագահ Լևոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական լրատվամիջ Թուրանին, ինչին անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարել էր՝ ով արցախյան հակամարտության կարգավորման հարցում խոսում է փոխզիջումներից՝ անհայրենիք կերպար է: Պատգամավորի այս հայտարարությունը ՀԱԿ անդամների կողմից արժանացավ քննադատությունների։ 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ իր և Լևոն Զուրաբյանի միջև այս թեմայով խոսակցություն չի եղել․ «Օրեր շարունակ տարբեր լրատվամիջոցներով հրապարակումներ եղան փոխզիջումների հետ կապված: Սպասում էի, որ հերքում կլինի, որովհետև այնտեղ կային խնդրահարույց մոտեցումներ։ Սակայն բոլորիս էլ քաջ հայտնի է իրենց կուսակցության դիրքորոշումը փոխզիջումների առումով, այսինքն՝ պահպանվում է հողերի հանձնման մոտեցումը։ 2007թ․ իրենց նախընտրական քարոզարշավում է եղել փոխզիջումների տարբերակում հողերի հանձնման կարևորագույն խնդիրը, մի բան, որն իմ անձի համար անընդունելի է և շարունակում եմ ասել, որ սիրով կփոխանակեմ անհայրենիք մարդկանց Դաշտային Արցախի հետ»,- ասաց Հովսեփյանը։ 

Նա նշեց, որ իր համար սպասելի էր ՀԱԿ անդամների սուր արձագանքը․ «Ես չեմ վախենում իմ դեմ արշավներից։ Եթե իրենց թվում է՝ վիրավորանքներով պետք է փոխեմ կարծիքս իմ երկրի, իմ հողի ու բանակի նկատմամբ՝ չարաչար սխալվում են։ Մնում եմ նույն կարծիքին. յուրաքանչյուրը թող գիտակցի, որ մեր պատմությունն ամեն անգամ այդ փոխզիջման բանակցությունների, հողի հանձնման ճանապարհով հասել է մի վիճակի, որ այսօր ունենք ընդամենը մեկ բուռ հող և թող հենց իրենք չմոռանան Կարսի խայտառակ պայմանագիրը, որի մասին շուտով պետք է բարձրաձայնվի»,- նշեց նա։ 

Հովսեփյանի խոսքով՝ ՀԱԿ անդամների կողմից իր դեմ արշավը հասավ նաև Նիկոլ Փաշինյանին, Լիլիթ Մակունցին, Արարատ Միրզոյանին ներգրավելով, որպեսզի ճնշեն իրեն եւ ետ կանգնել տան իր ասածից։ «Որքան էլ սիրեմ ու հարգեմ իմ գործընկերներին, միևնույն ժամանակ, ոչինչ չի կարող ազդել իմ կարծիքի վրա, քանի որ ինձ համար կա մի հայրենիք, որի համար կորցրել եմ մանկություն։ Պարոն Փաշինյանը պարբերաբար իր դիրքորոշումը հայտնել է մեր երկրի հաղթանակի մասին և կարծում եմ, որ դա իրենց ազդակ պետք է լիներ: Նա իր վերջին ելույթում ևս մեկ անգամ նշեց, որ չունենք հաղթանակ որևէ մեկին զիջելու»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ շատ բաներ կորցրել ենք խայտառակ բանակցությունների արդյունքում։ 

Մենք մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք նաև ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի հետ: Վերջինս ասաց, որ նոր է վերադարձել արտերկրից և իրավիճակին ծանոթանալուց հետո միայն կորոշի արձագանքել, թե ոչ։ 

Սոնա Հարությունյան