2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, անցնցում հեղափոխությունը էականորեն նպաստեցին Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը: Այս մասին նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Հեղափոխական գործընթացները, խաղաղ երթերը էապես նպաստեցին համաշխարհային հանրության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: Դա էական խթան էր Հայաստանի հեղինակության բարձրացման առումով: Հիմա պետք է կարողանալ այդ ռեսուրսը կապիտալացնել և արդյունավետ օգտագործել, ապահովել կայուն զբոսաշրջություն՝ նպաստելով տնտեսության զարգացմանը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Խոսելով միջազգային առումով Հայաստանի ճանաչելիության ռեսուրսը կապիտալացնելու մասին՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ դա պետք է հանգեցնի Հայաստանում զբոսաշրջության դինամիկ աճի արդյունավետ կառավարմանը:

«Զբոսաշրջության ոլորտում սպասվող դինամիկ աճի հոսքերից չպետք է գլուխներս կորցնենք ու մոռանանք ծառայությունների որակի շարունակական բարձրացման մասին: Մենք չպետք է թույլ տանք, որ զբոսաշրջիկը մեր երկրից հիասթափված հեռանա: Ընդհակառակ՝ անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ապահովել, որ զբոսաշրջիկը Հայաստանից հեռանա իր սպասելիքները գերազանցած»,- ասաց նա:

2018 թվականին Հայաստանի ներգնա այցելությունները կազմել են 1 մլն 651 հազար, ինչը 10.5 տոկոսով ավելի է 2017-ի համեմատ: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների կառուցվածքում բավական ակտիվ են Ռուսաստանը, Վրաստանը: Զբոսաշրջիկների թվի ավելացում նկատվում է եվրոպական երկրներից: Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Չինաստանից, արաբական երկրներից: Մեխակ Ապրեսյանի խոսքով, տնտեսական դժվարություններով պայմանավորված՝ որոշակի ակտիվության նվազում է նկատվում Իրանի կողմից: