«Մեր ողջ տնտեսական քաղաքականության նպատակը աշխատավարձերի բարձրացումն է և աշխատատեղերի ստեղծումը։ Ինչ վերաբերում է զինվորականներին՝ նախորդ կառավարության ծրագրում էլ կոնկրետ ոչինչ չկար, բայց ես կարծում եմ՝ էս տասը ամիսների ընթացքում մենք շատ լուրջ փոփոխություններ ենք բերել, մասնավորապես, զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդիրը, որը տասնյակ տարիներ մեռյալ կետի վրա մնացել էր, մենք շատ լուրջ քայլ ենք արել այդ խնդիրը էականորեն լուծելու համար»։

Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն պնդմանը, թե ծրագրում ոչ թե գերակայում են կառավարության պարտականությունները, այլ շատ անգամ օգտագործված է «խթանելու է»,«կառավարությունը անհրաժեշտ է համարում» արտահայտությունները և արդյո՞ք մտավախություն չկա, որ այս ծրագիրն այս վիճակով ընդունվելու դեպքում նույնացում չի արվի նախորդ կառավարությունների ծրագրի հետ, որտեղ նորից գերակայում են այսպիսի անորոշ դրույթներն ու ապագային հանձնված բարի ցանկությունները։ Ծրագրում չկան շեշտադրումներ գիտնականների, ուսուցիչների, մանկավարժների, բժիշկների, զիվորական ծառայողների կոնկրետ սոցիալական կենսամակարդակի արագ, շուտափույթ, տեսանելի, չափելի լուծումների վրա։

Ի պատասխան Գևորգ Պետրոսյանի հնչեցրած կարծիքի՝ Փաշինյանը հավելեց նաև, որ կառավարության միջոցներից 5 մլրդ դրամ տրամադրել են, որպեսզի զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդիրը լուծվի։

«Հսկայական նշանակություն ունի էն, որ մենք զինվորականների սպառողական վարկերը լրջորեն վերակառուցել ենք, և նույն զինվորականը, եթե մի ամսում վարկի սպասարկման համար, օրինակ, 25․000 դրամ պետք է վճարեր, ապա վերակառուցման արդյունքում ինքը սկսել է վճարել 12․000 դր․ նշանակում է, որ իր եկամուտը բարձրացա՞վ, թե՞ չի նշանակում»,-ասաց նա։