ԵԿՄ վարչությունում երեկ տեղի ունեցած հավաքի ժամանակ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այս փուլում Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունը համարում է ավարտված: Ավելին՝ բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:  

Արդյունքում՝ ԵԿՄ-ականները առաջադրել են «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը, որն էլ շնորհակալություն է հայտնել իրեն նման վստահության արժանացնելու համար:

Հետաքրքրական է այն, որ դեռևս 1 ամիս առաջ ԵԿՄ մեծամասնությունը փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի հետ միասին միաձայն կողմ էր Արամ Սարգսյանի առաջադրմանը և դեմ՝ Սասուն Միքայելյանին:  Սակայն երեկ հակառակ պատկերն ստացանք, ինչը չափազանց տարօրինակ է:  

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Արամ Սարգսյանից, սակայն հաջողել չկարողացանք: Փորձեցինք Սարգսյանի մոտ կանգնած մեր աղբյուրների միջոցով տեղեկանալ վերջինիս անսպասելի որոշման պատճառների մասին և մեզ հայտնեցին, որ նա այս քայլին ստիպված է գնացել: Ըստ մեր աղբյուրների՝ ներքին խնդիրներ են եղել. «Իշխանություն ունեցող մարդ են պահանջել, որն այս պարագայում Սասուն Միքայելյանն է»: 

Մեր աղբյուրները Սարգսյանի որոշման փոփոխությունը բացատրում են նաև նրանով, որ «երկերեսանիներն են շատացել» և Արամ Սարգսյանն էլ տեղը զիջելով՝ մտածում է, որ Միքայելյանը, լինելով իշխանության ներկայացուցիչ, կկարողանա ապահովել ԵԿՄ-ի ֆինանսավորումը: Ակնհայտ է դառնում, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ ԵԿՄ-ն շարունակելու է մնալ որպես քաղաքական կառույց և օգտագործվելու է քաղաքական նպատակներով:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ բացառում է ԵԿՄ-ի քաղաքականացումը. «Իմ օրոք երկրապահը չի քաղաքականացվի, բացառվում է իմ դեպքում»։ 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ