Երևանի քաղաքապետարանի  կողմից Արցախի փողոցի 8-րդ վթարային շենքի բնակիչներին առաջարկ է արվել տեղափոխվել այլ բնակարաններ: Ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ վթարային շենքի բնակիչները մերժել են իրենց առաջարկը: «Արցախի փողոցի վթարային շենքի բնակիչների հետ  ընդունելության ժամանակ քննարկում է եղել, ինչի արդյունքում առաջարկվել է մարդկանց  դուրս գալ այդ շենքից, քանզի այդտեղ վտանգավոր է ապրելը: Քաղաքապետարանն այս պահին ունի 113 բնակարան, որը կարող ենք տրամադրել իրենց, բայց բոլորին չի հերիքում: Մնացածին մենք տրամադրելու ենք բնակարաններ, որը վարձակալելու է քաղաքապետարանը: Ցավոք սրտի, այս պահին համաձայնություն չկա իրենց կողմից»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ վթարային շենքի բնակիչների համար այս պահին Սիսակյան փողոցում շենք է կառուցվում:

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին, ովքեր ցույց էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց, Հայկ Մարությանն ասաց, որ նրանց խնդիրների լուծումը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը պարզաբանեց, որ այդ քաղաքացիների հետ բազմիցս հանդիպումներ են եղել:

«Վերջին հանդիպումն այդ քաղաքացիների հետ եղել է մի քանի օր առաջ աշխատակազմի քարտուղարի և իրավաբանական վարչության համապատասխան բաժնի պետի մասնակցությամբ և մանրամասն այդ պարզաբանումները ևս տրամադրվել են: Հյուսիսային պողոտայի իրացումները եղել են մինչև 2005 թվականը, դրանք իրականացվել են կառուցապատողների միջոցների հաշվին, և այսօր, Երևան համայնքը ձևավորված լինելով 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, չի հանդիսանում ՀՀ իրավահաջորդը այդ իմաստով»,-հավելեց նա: