Կրասնոդարի մի բնակիչ մեկ օրով վարձակալել է քաղաքային տրամվայի վագոնը, դրանով երթուղի դուրս եկել եւ անվճար փոխադրել ուղեւորներին: Այդ մասին փետրվարի 12-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Կրասնոդարի տրամվայների-տրոլեյբուսների վարչությունում (ԿՏՏՎ):

«Քաղաքի բնակիչ Իվան Կալուգինը պայմանագիր էր կնքել եւ մեկ օրով վագոն էր վարձակալել թիվ 5 երթուղում: Նախօրյակին նա ամբողջ օրը՝ մինչեւ Մոսկվայի ժամանակով 00:55-ը, անվճար ուղեւորներ է փոխադրել»,-ասել է գործակալության զրուցակիցը: Տրամվային փակցված են եղել հատուկ հայտարարություններ: Կրասնոդարցին ինքը Instagram-ի իր էջում գրել է, որ իր ակցիայի նպատակը «բարի գործ անելն է»: «Ամենագլխավորն ինձ համար այն է, որ մարդիկ ժպտան»,-նշել է Կալուգինը: ԿՏՏՎ-ում ճշտել են, որ վագոնի վարձակալման արժեքը գերազանցել է 50 հազար ռուբլին: Կրասնոդարում տրամվայով ուղեւորության տոմսն արժե 26 ռուբլի: Քաղաքի տրամվայներն օրական փոխադրում են մոտավորապես 400 հազար ուղեւորների: