«Ասֆալտին փռելու» օպերացիան շարունակվում է։ Այս գիշեր ոստիկանության դիմակավորված աշխատակիցները Թումանյան փողոցում հատուկ օպերացիա են իրականացրել և բերման ենթարկել քաղաքացիների։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից. «Զենք կրելու կասկածանքով ոստիկանություն են բերվել քաղաքացիներ»,-փոխանցեցին ոստիկանությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։ 

Ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածների թվում է «Շինանյութի Սերգեյ» մականունով հայտնի Սերգեյ Մանուկյանի  որդին՝ 23-ամյա Արման Մանուկյանը, ում մոտ զենք է հայտնաբերվել։ 

Հիշեցնենք, որ անցած տարեսկզբին գործարարի որդուն՝ Արման Մանուկյանին ու ազգականին առևանգել էին Ուկրաինայում։ Վերջիններս պատմել էին, որ իրենք 70 օր պահվել են շղթայված և դեմքերը փակած վիճակում։ Նրանց ազատ արձակման համար առևանգողները Հայաստանում հայտնի գործարարից՝ Սերգեյ Մանուկյանից պահանջել էին փրկագին՝ 5 միլիոն դոլար։ Արդեն հունվարի 21-ին նրանք ազատության մեջ էին։ 

Առևանգման պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ էին շրջանառվում։ Իսկ թե իրականում ի՞նչն էր պատճառը այդպես չբարձրաձայնվեց։

Հիշեցնենք՝ Սերգեյ Մանուկյանը Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի աներն է։