ԱԺ-ում այսօր կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խնդրանքով անդրադարձավ փողոցային առեւտուր անողների պահանջին՝ թույլատրել կրկին փողոցային առեւտրով զբաղվել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պահանջի հետ համաձայն չէ: Նա դատապարտեց փողոցային առեւտուր անողների հայտարարություններն այն մասին, թե՝ «բա սրա համա՞ր էինք հեղափոխություն անում»: «Երեւանի կենտրոնը սարքել են Ստամբուլի բազար, Մաշտոցի պողոտան՝ արեւելյան բազար»,-դժգոհեց Նիկոլ Փաշինյանը:
 
Իրականում, բոլորին է հայտնի, թե ովքեր թույլ տվեցին Երևանը վերածել արևելյան բազարի: Թույլտվություն տվողները այսօրվա մուննաթ եկողներն են, ովքեր մի քանի ամիս առաջ հարցին լուծում տալիս առաջնորդվել են բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ: Իհարկե, ընտրություններին ընդառաջ փողոցային առևտրականների ձայները կորցնելը անթույլատրելի ճոխություն կլիներ նոր իշխանությունների համար, հետևաբար, քաղաքապետարանը աչք փակեց արևելյան բազարի վերածվող Երևանի վրա: Հիմա Փաշինյանը դժգոհում է իր իսկ ընդունած որոշումից:
 
Ընտրություններից հետո այդ նույն առևտրականները իրավամբ իրենց «քցված» են զգում: Այժմ, երբ նաև նրանց աջակցության շնորհիվ Փաշինյանի քաղաքական թիմը հավաքել է շուրջ 80 տոկոս քվե, կարելի է այդ նույն առևտրականներին թողնել բախտի քմահաճույքին, մի բան էլ՝ մեղադրել նրանց քաղաքի արտաքին տեսքն աղճատելու համար: Փաշինյանը որոշել է սկզբունքայնություն խաղալ, սակայն ինչպես ասում են՝ «այս խմորը դեռ շատ ջուր կտանի». առևտրականների մոտ էլ է իրավիճակ փոխվել, և վերջիններս չեն պատրաստվում խաբված լինել նաև նոր Հայաստանում…