Թեև Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ իր կառավարության անդամները ծառայում են բացառապես ժողովրդին, այնուամենայնիվ, անգամ Նոր Հայաստանում, գործադիրում առկա են դեմքեր, ովքեր գուցե իներցիայով, սակայն պաշտպանում են ոչ թե ՀՀ հպարտ քաղաքացիների, այլ խոշոր բիզնեսի, այս դեպքում հանքաարդյունաբերական կոռպորացիաների շահերը:
 
Խոսքը Տնտեսական զարգացման և ներդրումների և Բնապահպանության նախարարների մասին է:Մասնավորապես առաջինի՝ Տիգրան Խաչատրյանի ջանքերի շնորհիվ Թեղուտի հանքավայրի վերաբացման հեռանկարները գնալով իրատեսական են դառնում: Իսկ ուշագրավն այստեղ այն է, որ Խաչատրյանը 10 տարի «Վալլեքս»-ում աշխատել է որպես ֆինանսական տնօրեն։ Եվ այժմ, փոխանակ ասելու, թե ինքը ինչ պատասխանատվության բաժին ունի հանքավայրի ծրագրի ֆինանսական ու տնտեսական կոլապսի համար, խոսում է Թեղուտի վերաբացման հնարավորությունների մասին ու ասում, թե ճտերն աշնանն են հաշվում։ Նախարարին, ըստ էության, չի էլ հետաքրքրում, որ հատկապես հանքավայրի պոչամբարի պատվարի հետ կապված լուրջ վտանգ կա, և այն կարող է փլուզվել: Խաչատրյանը նաև չի պատրաստվում ականջալուր լինել բնապահպանների ահազանգին: Ահա այսպես են Փաշինյանի կաբինետում հաշվի առնում հպարտ քաղաքացիների պահանջները:
 
Նոր կառավարության հանքաարդյունաբերության ջատագովներից մյուսն էլ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն է, ում երկար տարիներ ձգվող սիրային կապը «Լիդիան Արմենիա»-ի հետ՝ այսօր էլ է շարունակվում և այնպիսի տպավորություն է, որ Գրիգորյանն իսպառ մոռացել է, թե որ ոլորտն է կանոնակարգում: Շատ է խոսվում այն մասին, որ Ջերմուկի ավագանու նկատմամբ հստակ ուղղորդված ճնշումներ են գործադրվում, որպեսզի վերջիններս ստորագրեն «Լիդիան»-ի համար այդքան ցանկալի որոշուման տակ: Ի պատիվ Ջերմուկի ավագանու՝ պետք է փաստել, որ նախարարության և «Լիդիան»-ի համատեղ ծրագիրը դեռևս չի հաջողվում «սղղացնել»:
 
Այս երկու պաշտոնյաներն էականորեն փչացնում են կառավարության դիմագիծը՝ նրան հաղորդելով ՀՀԿ-ական երանգներ….