Ազգային ժողովում տեղի ունեցավ կառավարության ծրագրի քվեարկությունը: Ծրագրին կողմ քվեարկեց 82, դեմ 37 պատգամավոր, կառավարության ծրագիրն ընդունվեց: Դեմ քվեարկեցին ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ քարտուղարությունն արձանագրությունում կավելացնի մնացած ձայները, որոնք չեն արձանագրվել էլեկտրոնային համակարգի միջոցով:
 
Պետք է փաստել, որ ծրագիրը ընդունվեց կոնսենսուսի ի սպառ բացակայության պայմաններում, իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի պատրաստվում շեղվել նախորդ իշխանությունների քաղաքական արահետից և չի պատրաստվում հաշվի նստել ընդդիմության ձայնի հետ: Ընդ որում՝ սա այն դեպքն էր, երբ ընդդիմության քննադատությունը ավելի քան թիրախային էր, իսկ առաջարկությունները՝ օբյեկտիվ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ երկու մուտքը մեկ կոշիկի մեջ մտցրած իշխանությունները հայտնվում են ծանր իրավիճակում: Ծրագրի ձախողման ողջ պատասխանատվությունը ընկնում է միայն ու միայն Փաշինյանի և նրա քաղաքական թիմի վրա և վերջիններս չեն կարողանա հետագայում հայտարարել՝ եթե մեր բերած ծրագիրը այդքան վատն էին, դուք էլ որպես ընդդիմություն կողմ չքվեարկեիք: Հետևաբար, սպասենք և տեսնենք, ինչպես է անթիվ բյուջեն թվեր բերելու հայաստանյան տնտեսություն…»:
 
Մյուս կարևոր փաստը, որ պետք է արձանագրենք այն է, որ կառավարության ծրագրի այս քննարկումը ի ցույց դրեց Նոր Հայաստանի խորհրդարանում ձևավորված տխուր ավանդույթը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ավանդույթի շարունակությունը: Բանն այն է, որ հեղափոխական համարվող այս խորհրդարանը որակապես ոչնչով չի տարբերվում նախորդից: Ցանկացած օրինագիծ, ծրագիր, նախագիծ, որը Փաշինյանը կբերի խորհրդարան, կընդունվի առանց որևէ խոչընդոտի և դիմադրության, իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանից Փաշինյանը կպահի ոչ միայն սահմանադրությունը, այլև լավագույն ավանդույթները….