Գորիսի պոլիկլինիկայի բուժանձնակազմի աշխատավարձերը օգոստոսին մասամբ են բարձրացվել: Մատների վրա հաշված բժիշկներ օգտվել են բարձրացումից, իսկ մյուս բժիշկներն ու բուժքույրերը՝ ոչ:
 
«Մինչև հիմա, չենք խոսել, վախեցել ենք, եթե բարձրաձայնենք, տնօրենը թևներիցս կբռնի դուրս կդնի, այս 55.000 դրամն էլ կկորցնենք»,– ասում են աշխատակիցներից ոմանք, նշելով, որ եթե համբերության բաժակը լցվի` արդեն փողոց էլ կփակեն:
 
Թե ինչո՞ւ օգոստոսին աշխատավարձերը չեն բարձրացվել, Գորիս ԲԿ տնօրեն Սամվել Աֆանդյանը հեռախոսազրույցի ընթացքում նախ փորձեց պարզել բողոքողի անունը, այնուհետ ժխտեց այն փաստը, որ օգոստոսին չեն բարձրացրել:
 
«Ո՞վ է ասում, որ չի բարձրացվել, բարձրացրել ենք, իսկ հիմա չենք բարձրացնի, քանի որ նախարարության որոշմամբ բարձրացում սպասվում է միայն 50.000 բնակչության սպասարկող պոլիկլինիկաների համար»:
 
Սակայն պարզվում է, որ Շինուհայրի ԱԱՊ կենտրոնում ( որը սպասարկում է Շինուհայր, Խոտ Հարժիս գյուղերի 3600 բնակչի) բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերը, իրոք, բարձրացվել է: Կենտրոնի տնօրեն Շուշանիկ Թևանյանը հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ սահմանված կարգով, բնակիչների սպասարկման թվով պայմանավորված աշխատավարձերը բարձրացվել են և՛ օգոստոսին, և՛ հունվարին:
 
Փաստորեն 30 հազար բնակչություն ունեցող պոլիկլինիկայի աշխատակիցներին, ըստ Սամվել Աֆանդյանի, չի հասնում բարձրացում, իսկ ընդամենը 3600 բնակիչ ունեցող ԱԱՊ կենտրոններին հասանելի է: Առողջապահության նախարարությունում խնդրին տեղյակ չէին:
 
ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը վստահեցրեց, որ քայլեր կձեռնարկեն ճշտելու, թե ինչն է խնդիրը, որ աշխատակիցները դուրս են մնացել աշխատավարձերի բարձրացումից:
 
«Պոլիկլինիկաները մարզպետարանի ենթակայության տակ են, մենք մեծ հաշվով լծակներ չունենք: Բայց քանի որ բարձրացումները նախարարությունն է արել, ուստի կփորձենք ճշտել պատճառները»,-ասաց Նիկողոսյանը:
 
Սյունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Նունե Գևորգյանը վստահեցրեց, որ պոլիկլինիկայի աշխատողների աշխատավարձի հաշվարկն արված է՝ հունվարից 15 տոկոսով այն կբարձրանա:
 
«Սակայն դեռ գումարը չենք ստացել, որ փոխանցումներն արվեն: Ինչ վերաբերում է օգոստոսին, ապա վերջնական ճշտումներն ավարտվել են սեպտեմբերի 20-ից հետո և ժամանակի մեջ չեն տեղավորվել: Սակայն, հեկտեմբերի 31-ի դրությամբ Գորիս ԲԿ-ի բոլոր ընտանեկան բժիշկներն ու բուժքույրերը ստացել են բարձրացված աշխատավարձը և վերահաշվարկ՝ օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար»,-ասաց Գևորգյանը:
 
Փաստորեն մարզպետարանը վստահեցնում է, որ հունվարին աշխատավարձերը բարձրացվել են, իսկ Գորիս ԲԿ տնօրենը Ս.Աֆանդյանը այդ մասին տեղյակ չէ:
 
Արևիկ Աբելյան
/Սյունիք/