Գյուղատնտեսության նախարարը հայտարարում է, որ Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական ապահովագրության համակարգ է ներդրվում, մինչդեռ դեռևս Վլադիմիր Մովսիսյանի՝ նախարար աշխատելու ժամանակաշրջանում եվրահամայնքի գումարներով Հայաստանում արդեն իսկ գյուղատնտեսության ապահովագրական համակարգ էր ներդրվել։ Շատերը կհիշեն, որ դեռ 1999 թվականին Գյուղատնտեսության նախարարությունը ներդրեց ապահովագրական համակարգ, տնօրեն էլ նշանակվեց նախարարի օգնականը։ Դրանից 3 ամիս անց հայտարարվեց, որ գործակալությունը սնանկ է ճանաչվել, իսկ թե ուր կորան գործակալության փողերը՝ այդպես էլ չպարզվեց:
 
Եվ հիմա, փոխարենը նախարարությունը լրջագույնս ուսումնասիրի այդ չարաբաստիկ գործակալության կոռուպցիոն գործունեությունը, պարզի, թե ուր են ի վերջո անհետացել քաղաքացիների և պետության գումարները, միտումնավոր մոլորության մեջ է գցում հանրությանը՝ հայտարարելով, որ Հայաստանում առաջին անգամ է ներդրվելու ապահովագրության համակարգը: Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստում փոքրիկ անդրադարձ է անում տեղերում, ասել է թե՝ նախարարություններում նախորդների «կեղտերը ջրի երես դուրս բերելուն»: Եվ դա հասկանալի է, միայն նախորդ համակարգի կոռուպցիոն սխեմաների բացահայտումը կարող է պետբյուջե միլիարդների ներհոսք ապահովել: Հարց է առաջանում՝ գյուղնախարարությունը միտումնավոր կերպո՞վ է կոծկում այդ զանգվածային կոռուպցիան, թե պարզապես «վիզ չի դնում» խորանալու խնդրի մեջ:
Ենթադրենք, որ երկրորդ տարբերակն է, այս դեպքում ո՞ւր են երաշխիքները, որ չի կրկնվի նախորդ տարիների պատմությունը: Բացի այդ, հարց է` գյուղացին պատրա՞ստ է լրացուցիչ ծախս հանձն առնել: Փորձը ցույց է տալիս, որ քանի դեռ մարդ խնդիրների չի հանդիպել, նրան թվում է, թե խնդիրները պետք է շրջանցեն իրեն: Իսկ հայ գյուղացին, որի համար անգամ հարյուր դրամի լրացուցիչ ծախսը շատ սուր է ընկալվում, պատրա՞ստ է դառնալու ապահովագիր: Ըստ ամենայնի՝ ոչ…
 
Եվ հենց այս չհաշվարկված ռիսկերը, ինչպես նաև նախորդների սխալներից դասեր չքաղելն են, որ նախարարության նոր նախաձեռնությունը դարձնում են, մեղմ ասած, խոցելի…: