Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքների ղեկավարների փետրվարի 17-ին տեղի կայացող արտահերթ ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ միջադեպերի եւ խախտումների: Այս մասին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը։

Վարդենիս համայնքի 7 եւ Ակունք համայնքի 2 ընտրատեղամասերը բացվել են փետրվարի 17-ի ժամը 8-ից: Վարդենիս համայնքում մրցակցում են  համայնքի ղեկավարի 8, Ակունքում՝ 5 թեկնածու: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Նրանց հիմնական մասն անկուսակցականներ են: Թեկնածուներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  անդամ  են Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Վահան Զարոյանը, Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Ղազարյանը:

Ժամը 14։00-ի դրությամբ՝ Վարդենիս համայնքում գրանցված 10 հազար 676 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2906-ը  կամ ընտրողների ընդհանուր թվի 27,22 տոկոսը: Ակունք համայնքում գրանցված 3076 ընտրողներից, նույն ժամի դրությամբ, քվեարկել են 1322-ը, կամ ընտրողների ընդհանուր թվի 43,30 տոկոսը: