Աջ ղեկով մեքենա ներկրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանց զարմացրել է իշխանության որոշումը․ մի բան պայմանավորվել, այլ բան են արել։ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրինագծում կառավարության կատարած փոփոխությամբ Հայաստան հնարավոր կլինի ներկրել միայն այն ավտոմեքենաները, որոնք կուտակվել են Բագրատաշենի անցակետում։

«Ղեկը աջ» նախաձեռնության  անդամի խոսքով՝ վերջին անգամ վարչապետին հանդիպել են նոյեմբերի 28-ին՝ Բագրատաշենում, պայմանավորվածություն էր ձեռք բերվել լուծել 800-1100 մեքենայի հարցը․ «Մեզ փոխանցեցին, որ վարչապետը որոշում է կայացրել հօգուտ մեզ և կթույլատրվի աջակողմյան ղեկով 800-1100 մեքենան բերել Հայաստան, որից հետո պետք է նախագիծը գնար կառավարություն, հետո ԱԺ։ Սակայն փետրվարի 15-ին նախագիծը քննարկվեց կառավարությունում և մերժվեց»,- նշեց նա։ 

Նա վստահեցրեց՝ վարչապետին հստակ ասել են, որ խոսքը 800-1100 մեքենայի մասին է․ «Մենք ունենք տեսանյութը, որը կարող ենք տրամադրել։ Հաջորդ հարցը եղել է, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ դրանից ավել մեքենա չի մտնի Հայաստան, մենք տրամադրել ենք 825 մեքենայի VIN կոդերը։ Մեզ հարցնում են՝ ինչո՞ւ այդ մեքենաները կանգնած չեն սահմանին, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե բոլոր մեքենաները այնտեղ բերենք. Բագրատաշենի մաքսակետը կաթվածահար կլինի»,-նշեց նախաձեռնության անդամը՝ հավելելով, որ արդեն ժամանակ չունեն և այսօր պետք է հանդիպեն վարչապետին։

Հիշեցնենք, որ 2018 թ․ սեպտեմբերից բանակցություններ էին ընթացքում աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցի շուրջ։ 2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները տրանսպորտի նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Ներկրողների խոսքով՝ շուրջ 800 ավտոմեքենա էին թողել հայ–վրացական սահմանին` արգելափակելով անցակետի աշխատանքը։

Մշակված փոխզիջման հիման վրա` աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 30–ը, կարելի է Հայաստան բերել մինչև 2019 թ.–ի ապրիլի 1–ը` առանց ղեկը փոխելու։ Սակայն իշխանությունները որոշեցին, որ դա վերաբերվելու է միայն Բագրատաշենի անցակետում թողած մեքենաներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը պետք է վերաբերվի միայն այն 442 մեքենաներին, որոնք մնացել են Հայաստանի սահմանին՝ նշելով, որ պետք է նախագծով թույլ տրվի միայն կոնկրետ այդ 442 մեքենաների ներկրումը, ոչ թե այն մեքենաների, որոնք այս պահին գնվել են, բայց դեռ գտնվում են Ճապոնիայում։