Հատուկ քննչական ծառայությունն օրերս տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերջիններիս մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Այսօր էլ  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների թիմը հայտարարեց, որ ժամանակ է խնդրել քննչական մարմնից՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:

Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր գործը բաղկացած է 76 հատորից, յուրաքանչյուրը՝ 250-ական էջով, և այս պահին թիմը զբաղված է գործի ամբողջական ուսումնասիրմամբ:

«Այս պահին մենք դեռ գործի ուսումնասիրման այս փուլում ենք և գուցե չհասցնենք ամբողջապես ուսումնասիրել, բայց գոնե մոտ կլինենք և կկարողանանք ինչ-որ դիրքորոշում հայտնել»,- մանրամասնեց Օրբելյանը:Այն հարցին, թե ՄԻԵԴ-ից որևէ պատասխան ստացե՞լ են Քոչարյանի գործի մասով, վերջինիս փաստաբանն ասաց, որ դեռևս որևէ պատասխան չկա և ընթացիկ փուլում են. «Առաջիկայում հնարավոր է որոշակի զարգացումներ լինեն: Ակնկալում եմ, որ Մարտի 1-ի գործը պետք է միասին գնա, չի կարող էլի առանձին գնալ. կապ չունի՝ հին գործ է, թե՝ ոչ»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի՝ բազմաթիվ խնդիրներ կան դատարանի որոշումների և պատճառաբանությունների մեջ. «Մենք տեսնում ենք կողմնակալ մոտեցում հենց բուն մեղադրանքին, քանի որ այդ նույն մեղադրանքով, նույն գործի և նույն օրվա վերաբերյալ 7 հոգու գործով հանվել են մասնակի գործեր, հիմա նույնն արվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ